ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ․ ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակությունը․ ՀՀ վարչապետ

Մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ․ ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակությունը․ ՀՀ վարչապետ

Այն պահին, երբ Հայաստանը ընդունել է Մադրիդյան սկզբունքները, այդ պահից ճանաչել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմում։ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարդան Օսկանյանն է եղել, որ հրապարակային ՀՀ-ն ճանաչել է օկուպանտ և ՀՀ-ն Վարդան Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու  գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչև այսօր։ Պետք է խոստովանենք, որ ՀՀ-ն այդ հայտարությունները ,հնարավոր է, երբեք չկարողանա հաղթահարել։ Մենք հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այն ժամանակ, ոչ թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են ճանաչել ԼՂ-ը Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն։ Թող լացակումած կամ խրոխտ ելույթներ չունենան։ Դա տեղի է ունեցել 2007-2008-ին և դա իշխանության փոխանցման կոմբինացիայի մի մաս էր՝  Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն էլ են ԼՂ-ն ճանաչել  Ադրբեջանի մաս։ Քոչարյանն է ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, այն դուրս թողնելով  1998-ի բանակցային գործընթացից  և 1999-ի նոյեմբերին վավերացնելով ԵԱՀԿ  անվտանգության Ստամբուլյան խարտիան»,- պարզաբանեց Փաշինյանը 

«Այո՛, պայքարել ենք այդ որոշումների դեմ  և բոլորդ եք տեսել ինչպես։ Արդյո՞ք հաջողել ենք, ոչ, չենք հաջողել։ Եվ ժամանակն է խոստովանել, որ երևի չենք էլ հաջողելու։ Ու՞մ վրա, ինչ են ուզում բարդել։ Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանն են  ճանաչել և  Սերժ Սարգսյանն ընդունել է այն, որպես իշխանություն ստանալու նախապայման։ Քոչարյան  էլ 1998-ին որպես իշխանությունը ստանալու նախապայման ԼՂ-ն դուրս է թողել  բանակցային գործընթացից՝ դրանով դնելով անկյունաքարը»,- Փաշինյանի խոսքով՝ ինքը մեկ ժամանոց ելույթ ունեցել ԱԺ-ում հենց այս թեմայով.  «Կարող է այն ժամանակ Բաղրամյանում խորոված անելով են զբաղված եղել, չեն լսել։ Խարտիան վավերացրել են իրենց կոտրած ձեռքերով, թող չփորձեն մեզ վրա որևէ բան բարդել» ։ 

«ՀՀ Անկախության հռչակագրի նախաբանում  հղում է արված ԼՂ-ի և ՀՀ-ի  վերամիավորման մասին Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային խորհրդի որոշումներին։  Երբ նախորդ իշխանության ներկայացուցիչներն ինձ քննադատում են, որ ասել եմ ԼՂ-ն Հայաստան է և վերջ,  նշանակում է, որ նրանք խոստովանում են, որ մեր իշխանությունը ստանձնելու պահին  մենք արդեն գործ ենք ունեցել հռչակագրի չեղարկման հետ՝  նախորդ բոլոր բանակցողների կողմից»,- նշեց նա։ 

«Մեզ ուղղված բոլոր մեղադրանքների հասցեատերերը իրենք են։ Այն թուղթը, որը բանակցային սեղանին թողել է Սերժ Սարգսյանը գնահատվում է որպես կապիտուլյացիայի թուղթ, նա թողել է այդ թուղթը և հեռացել։ Հիմա մենք այս ամեն ինչի միջով անցնելով եկել ենք ասում ենք՝ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ։ Հաստատում եմ, որ որդեգրում ենք նման օրակարգ, իմ վերջին հարցազրույցում ասված  այդ բանաձևով խաղաղության օրակարգ  որդեգրելու պատասխանատվություն եմ ստանձնում, ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը։ Ես տեսնում եմ ճանապարհ գնալու»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: