երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք մինչև հիմա ապրում ենք Ռոբերտի հումորներով. Ռոբերտ Աբաջյանի հայր

Մենք մինչև հիմա ապրում ենք Ռոբերտի հումորներով. Ռոբերտ Աբաջյանի հայր

Նրա հումորները մինչև հիմա ապրում են, իր ընկերներն են անում, մենք ենք անում: Մենք ապրում ենք իր հումորներով: Իր շարժուձևը մեր մեջ է, չի լինում այլ ձև: Այս մասին Եռաբլուրում հայտարարեց Ապրիլյանի հերոսներից Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը:

Ավագ Աբաջյանը նաև հաստատեց լուրերը, որ լույս աշխարհ է եկել Ռոբերտի մորեղբոր որդին, ում կնքել են Ռոբերտ անունով. «Մենակ նա չէ: Շատերն են իրենց երեխաներին անվանակոչում Ռոբերտի անունով: Հաճելի է, որ տղայիս գնահատում են, տա Աստված, որ ղեկավարությունն էլ ճիշտ ձևով գնահատի»:

Հիշեցնենք՝ 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքն անձնազոհաբար պաշտպանելիս զոհվեց 19-ամյա Ռոբերտ Աբաջյանը (Մոնումենտցի Կյաժ): Նույն դիրքի անձնակազմից էին նաեւ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը: Անհավասար մարտը տեւել է երկու ժամ: Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո ոտքից վիրավոր կրտսեր սերժանտ Աբաջյանն իր վրա է վերցրել հրամանատարությունը եւ մինչեւ վերջին փամփուշտը շարունակել կռիվը:

Նկատելով, որ խրամատում զինամթերքը վերջանում է՝ Աբաջյանը զինվորներին ուղարկել է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվել է թափանցել դիրք։ Աբաջյանը միակ ծառայակցի՝ վիրավորում ստացած գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանի հետ համառ դիմակայությամբ նահանջել է դեպի դիրքային կացարան։ Արյունահոսությունից, սակայն, մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով՝ Ռոբերտ Աբաջյանը մինչեւ վերջին փամփուշտը շարունակել է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ՝ միեւնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ եւ վերջինիս կարեւոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն՝ Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել եւ ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակն ու պատրաստ սպասել է հենց մոտենան՝ իր հետ միասին պայթեցնի նրանց, որպեսզի չհանձնվի։

Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին՝ Աբաջյանը բացված նռնակը թաքցրել է ափի մեջ եւ ձեռքերը վեր բարձրացրել՝ իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան՝ Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցրել է հակառակորդի մի քանի զինվորի։

Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաեւ փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Աբաջյանի՝ «այս դիրքը հանձնողի մերը» արտահայտությունը թեւավոր խոսք է դարձել:

  • Կիսվել: