կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք Հրայր Թովմասյանի ֆանակումբի անդամը չենք. Իվետա Տոնոյան

Մենք Հրայր Թովմասյանի ֆանակումբի անդամը չենք. Իվետա Տոնոյան

«Տարօրինակ են իշխանության հիմնավորումները: Այո, մենք ասել ենք ու կրկնում ենք՝ Հրայր Թովմասյանը, ինչպես նաև ՍԴ բազմաթիվ այլ անդամները չեն հանդիսանում մեր կուռքը և մենք նրանց ֆանակումբի անդամը չենք հանդիսանում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի՝  ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի նախագծին դեմ քվեարկելուն։

Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունն ինչպե՞ս կարող էր կողմ քվեարկել այդ նախագծին, որպեսզի ՍԴ դատավորներն իրենց գործառույթները չիրականացնելու համար պատվավոր թոշակի գնայի՞ն։

«Այո, մենք վերապահում ունենք ՍԴ անդամների աշխատանքի հետ կապված, և դրանց մասին ըստ նպատակահարմարության մշտապես բարձրաձայնել ենք այդ խնդիրները: Սակայն այդտեղ ընդհանրապես խոսքն այդ մասին չէր: Իշխանությունները ֆիքսում են, որ նախագիծը կյանքի է կոչվում հանրության վստահությունը չվայելող դատավորներին պատվավոր հանգստի ուղարկելու հնարավորություն ընձեռելու համար: Այսինքն՝ մի կողմից իշխանությունը ֆիքսում է, որ այդ մարդիկ հանրության վստահությունը չեն վայելում, ասել է թե չեն իրականացնում իրենց գործառույթները, մյուս կողմից՝ առատաձեռն թոշակներ է բաշխում նրանց պատվավոր անգործության համար։ Սա ընդամենը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի տրամաբանական շարունակությունն է»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով, այդ օրենքը նաև հլու-հնազանդ ու ցանկալի դատավորներով ՍԴ-ն համալրելու նպատակ ունի, այդ պատճառով ԲՀԿ-ն դեմ է։

  • Կիսվել: