Մենք հայտնվել էինք ծուռ հայելիների աշխարհում, և փորձել ասել ճշմարտությունը՝ նշանակում է գլխիվայր շուռ տալ մեր աշխարհը. Նարեկ Բաբայան
Ճշմարտությունը խոսելու անկարելիության մթնոլորտ կերտել էին կամ դրան նպաստել էին ՀՀ և ԼՂ բոլոր իշխանությունները և բոլոր ընդդիմությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂ հարցի վերաբերյալ հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու հարցին:
«Մենք հայտնվել էինք ծուռ հայելիների աշխարհում, և փորձել այդ պայմաններում ասել ճշմարտությունը՝ նշանակում է գլխիվայր շուռ տալ մեր աշխարհը: Մենք ասում ենք, որ սա է մեր տարածաշրջանը, մեր մշտական հարևանները, մենք պետք է մեր տարածաշրջանից չփախչենք, մենք պետք է սովորենք մեր հարևանների լեզուները՝ ոչ թե տեղը-տեղին թշնամություն անելու, այլ շփվելու, առևտուր անելու և խաղաղություն հաստատելու համար»,- ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի դրոշը վառելուն՝ Նարեկ Բաբայանն ասաց. «Դրոշակիզման այս փորձը քաղաքական էյֆորիայի հասցրեց որոշ դաշնակցականների, մասնավորապես՝ Գեղամ Մանուկյանին: Խոսքս հղում եմ այն քաղաքացիներին, որոնք կարծում են, թե այդ արարքը լավն էր ու տեղին. հարգելի քաղաքացիներ, Գեղամ Մանուկյանը և տասնյակ այլ դաշնակցականներ Ստրասբուրգում, Բրյուսելում և շատ այլ տեղերում հազար անգամ սուս ու փուս անցել են Ադրբեջանի, Թուրքիայի դրոշների կողքով, ոչ վառել են, ոչ գետնին շպրտել, ի՞նչ եք կարծում՝ դուխ չե՞ն արել, թե՞ խելքները էդքան հերիքել է, որ խուլիգանություն չանեն։ Կարծում եմ՝ խելքները հերիքել է: Ինչո՞ւ են այդ դեպքում ձեզ դրդում այդ քայլին, ձեզ դարձնում գործիք խուլիգանության համար, իսկ իրենք զերծ մնում, պատճառը մեկն է՝ նենգ են ու մորթապաշտ»,- ասաց նա:



