չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք գիտենք՝ ինչպես և ինչ մոտեցումներով է Մինսկի խումբը աշխատում. Զոհրաբ Մնացականյանը՝ Թուրքիայում համանախագահների հանդիպումների մասին

Մենք գիտենք՝ ինչպես և ինչ մոտեցումներով է Մինսկի խումբը աշխատում. Զոհրաբ Մնացականյանը՝ Թուրքիայում համանախագահների հանդիպումների մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը արտառոց ոչինչ չի տեսնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

«Մինսկի խմբի համանախագահներն ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառված են նաև հանդիպումներ ԵԱՀԿ անդամ պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի անգամ պետությունների, միջազգային կազմակերպությունների անդամ պետությունների հետ: Այստեղ արտառոց ոչինչ չկա, և այդ հանդիպումները պլանային են: Համանախագահները իրականացնում են իրենց գործառույթը», այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին՝ արդյոք ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է եղել, որ նման հանդիպում կայանալու է, արդյոք տեղյակ է եղել, թե ինչ են քննարկել այդ հանդիպմանը:

Մնացականյանի խոսքով, Մինսկի խմբի համանախագահները հետ հայկական կողմն աշխատում է փոխվստահության մթնոլորտում: «Մենք գիտենք՝ ինչպես և ինչ մոտեցումներով է Մինսկի խումբը աշխատում: Սա, ի դեպ, առաջին հանդիպումը չի եղել: Վերջին ամիսների ընթացքում եղել են այլ հանդիպումներ: Որևէ մտահոգություն չունենք», նշեց նախարարը՝ վերահաստատելով Հայաստանի դիրքորոշումը, որ ղարաբաղյան հիմնահարցի լուծման գործում Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ:

Պատգամավոր Տարոն Սիմոնյանին չբավարարեց Մնացականյանի պատասխանը, որակեց այն դիվանագիտական ու մտահոգություն հայտնեց, որ նման հանդիպում կայանում է ռուս-թուրքական առճակատման պայմաններում: Ի պատասխան նախարարն ասաց, որ իր պատասխանն ամենևին դիվանագիտական չէր, այլ՝ առավել հստակ.

«Եթե դուք սպասում էիք, որ ես պետք է բղավեի, չէ: Նորից կրկնեմ՝ Թուրքիան ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում որևէ դերակատարում չի կարող ունենալ: Սա այն է, ինչ մենք ենք բարձրաձայնում ու շարունակելու ենք բարձրաձայնել: Դրան զուգահեռ իրականացնում ենք գործողություններ, որպեսզի անվնաս պահենք ՄԽ համանախագահության շրջանակներում կարգավորման գործընթացը: Եթե դուք ուզում եք, որ ես էմոցիոնալ դա ասեմ, ես դա չեմ անելու»:

  • Կիսվել: