երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մենք դիմում ենք ներկայացրել ԿԸՀ՝ երկրի ղեկավարի կողմից բռնության կոչերի առնչությամբ.Պետրոսյան

Մենք դիմում ենք ներկայացրել ԿԸՀ՝ երկրի ղեկավարի կողմից բռնության կոչերի առնչությամբ.Պետրոսյան

Երեկ մենք հայտարարություն ենք ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ուշադրությւոն հրավիրելով նրան, որ վերջին օրը երկրի ղեկավարը բռնության բացահայտ կոչեր է արել։ Այս մասին այսօր Երևանի ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը։

«Եթե տեղյակ եք, երեկ հայտարարություն ենք ներկայացրել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ուշադրություն հրավիրելով նրան, որ երկրի ղեկավարը վերջին օրը բռնության բացահայտ կոչեր է արել։ Ուստի, մենք դիմում ենք ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ համաձայն Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 8-րդ կետի, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ուղարկեն դատարան, որպեսզի դատարանը քննի այն և անվավեր ճանաչի նրանց մասնակցությունը։ Սպասում ենք պատասխանի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սուրեն Պետրոսյանը։

Երևանի քաղաքապետի թեկնածուի խոսքով, այսօրվա ընտրությունները որոշակի գործընթացների ցուցանիշ են։

«Ամենակարևոր ցուցանիշը սեպտեմբերի 15-ի վերջին հանրահավաքն էր, որտեղ իշխանությունները, օգտագործելով բոլոր ռեսուրսները, մարդիկ էին հավաքել գրեթե ողջ հանրապետությունից, բոլոր մարզերից, բայց չգերազանցեցին  4800 թիվը։ Սա նշանակում է ոչ միայն իշխանափոխություն, այլև այն, որ խորը փոփոխությունների անիվը  սկսել է շարժվել։ Եվ այն, նույնիսկ,  տեսականորեն անհնար է շրջել»,- ասել է Սուրեն Պետրոսյանը։

Նա պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք ընտրություններին ցածր մասնակցությունը պասիվության հետևանք է։

Ըստ Սուրեն Պետրոսյանի, հասարակությունը խորապես հիասթափված է և գործընթացներից, որպես այդպիսին, այլևս ակնկալիքներ չունի։

Նա նշել է, որ կողմ է քվեարկել պայքարի օրակարգին, որը, իր խորին համոզմամբ, պետք է փոխարինի անզորության ու նվաստացման օրակարգին։

  • Կիսվել: