Մենք ասում ենք՝ իմփիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկեք փորձենք, եթե ասում են՝ չի լինի, նմանվում են ՀՀ այսօրվա կառավարիչներին. Սերժ Սարգսյան
Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք մշտապես փորձել են, հիմա էլ են փորձում իմփիչմենթը հակադրել ընտրություններին: Այս մասին դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Տասն անգամ ասել ենք, հիմա տասնմեկերորդ անգամ ասենք՝ անկախ որևէ հանգամանիքից, իմփիչմենթ լինի թե չլինի, ընտրություններ լինելու են: Դրանք հերթական ընտրություններ են, որ կարող են հետաձգվել միայն եզակի դեպքերում:
Մեր որոշումը, մեր հայտարարությունը միասնության մասին է: Մենք ասում ենք՝ իմփիչմենթը նաև ճգնաժամ հանգուցալուծելու գործիք է, եկեք փորձենք: Եթե ասում են՝ չի լինի, հիմա ինչ փորձենք և այլն, իրենք, ամենայն հավանականությամբ, նմանվում են ՀՀ այսօրվա կառավարիչներին, ովքեր ասում են՝ դե մենք թույլ ենք, Ադրբեջանն ինչ ուզում է՝ տանք»,- նշել է նա:
Խոսելով գալիք ընտրությունների մասին՝ Սարգսյանն ասել է.
«Եթե խոսքը գնում է մեր՝ ընտրություններին մասնակցելու մասին, ապա մենք որոշում ենք կայացնելու ելնելով նրանից, թե մեր կայացրած որոշումը որքան է արդյունավետ լինելու ՀՀ գործող կառավարիչների դեմ պայքարում»:


