կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Հունաստանի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում. Հունաստանի դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանապուլոսին:

ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:

Ալեն Սիմոնյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ամուր բարեկամական հարաբերությունների մասին, որոնք հիմնված են հայ եւ հույն ժողովուրդների դարավոր եղբայրության, փոխօգնության եւ ընդհանուր արժեքների վրա:

«Հայ-հունական միջպետական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, մինչդեռ միջխորհրդարանական համագործակցությունը չիրացված մեծ ներուժ ունի: Անհրաժեշտ եմ համարում խթանել մեր խորհրդարանների միջեւ համագործակցությունը նաեւ փոխադարձ այցերի ձեւաչափով»,- նշել է ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում երկու խորհրդարանների ներկայացուցիչների սերտ համագործակցությունը: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հունաստանի հետ համագործակցությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, ինչպես նաեւ Թվինինգ ծրագրով հունական աջակցությունն Ազգային ժողովին:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ ձեւաչափին:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ հարաբերություններին, Հարավային Կովկասում առկա անվտանգային խնդիրներին, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման հետեւանքով

առաջացած հումանիտար խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին:

Խրիստոս Սոֆիանապուլոսը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում Հայաստանի վարած քաղաքականությունը:

«Հունաստանը ողջունում եւ սատարում է Հայաստանի մոտեցումը խաղաղության հաստատման գործընթացում, քանի որ այն հիմնված է միջազգային իրավունքի, իրավասության վրա եւ իրականացվում է դիվանագիտական ճանապարհով: Մենք ամեն կերպ պատրաստ ենք աջակցել Հայաստանին խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է դեսպանը:

  • Կիսվել: