ուրբաթ, օգոստոս 12
12 / 8 / 2022
Մենք Աղավնոն չենք հանձնում. Անդրանիկ Քոչարյան

Մենք Աղավնոն չենք հանձնում. Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ներքին համերաշխության կարիք է տեսնում։

«Անհանգիստ աշխարհում, որպեսզի Հայաստանը կարողանա իր առջև դրված խնդիրները հստակ պատկերացնել, առաջին հերթին համերաշխություն է պետք մեր երկրում», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ական պատգամավորը, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ասաց, թե այս պահին պատերազմի վտանգ չկա։

«Այս պահին չենք տեսնում սահմանի երկայնքով որոշակի լարվածության օջախներ, բայց միշտ պետք է մեր բոլոր գործողություններով ու մեր բոլոր ռեֆորմների իրականացման տեսանկյունից անենք այնպիսի արագ  ու արդյունք տվող գործողություններ, որպեսզի մեր կորուստները  44-օրյա պատերազմից հետո հստակ վերականգնման ընթացք ունենան», - ասաց Քոչարյանը։

Լրագրողի հարցին՝ եթե Աղավնոն չհանձնեն Ադրբեջանին, հնարավո՞ր է պատերազմ սկսվի՝ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ամեն ինչ պետք է անենք, որ պատերազմ չսկսվի։ Դուք անընդհատ խոսում եք պատերազմից՝ մոտեցնելով պատերազմը, ես շատ լավ հասկանում եմ՝ ինչու եք դուք այդ հարցը տալիս, եկեք այնպես անենք, որ խաղաղություն ունենանք, մեր ժողովրդին խաղաղություն է պետք, որ վերքերը բուժի։ Մենք Աղավնոն չենք հանձնում, դուք այդպիսի հարց կարող եք տալ նախկին ղեկավարներին, որոնց դուք եք սպասարկում»։

  • Կիսվել: