Մեկնարկել է ՀՀԿ 17-րդ համագումարը
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 18-ին անցկացնում է իր 17-րդ համագումարը։ Համագումարին մասնակցում է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու համար ընտրվել է 563 պատվիրակ, որից գրանցվել է 535 պատվիրակ: Համագումարը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով և աղոթքով:
«Մեր կուսակցության համար սա հերթական, բայց ոչ սովորական համագումար է, որովհետև մենք կարող ենք առանց չափազանցության ասել, որ տեղի է ունենում արտակարգ իրավիճակների պայմաններում, երբ մեր պետությունը ու ժողովուրդը առերեսվում են լրջագույն մարտահրավերների և մեզ` հանրապետականներիս համար, որ կանգնած ենք եղել Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում ու առանցքային դեր ենք ունեցել պետականաշինության գործընթացում, այս իրավիճակը չափազանց մտահոգիչ է և թելադրում է մեր գործունեության առաջնահերթություններով»,- ասաց Սարգսյանը:
«Այս հաշվետու համագումարում մենք չպետք է միայն քննարկենք ներկուսակցական հարցեր, սահմանենք ու հաստատենք քաղաքական ուղենիշներ,լսենք առաջարկներ, ձևակերպենք օրակարգ: Մենք անկարող ենք ձևապաշտություն անել ու կեղծել ինքներս մեզ: Ձևապաշտությունը երբեք մեր տեսակին հարիր չի եղել, ուստի առանց մեղմացնող բառերի պարտավոր ենք արձանագրել մեր երկրի ներկայիս դառը իրականությունը»,- ասաց Սարգսյանը: