Մեկ տառով փոխել են մեր ամբողջ մտածողությունը, մի ժամանակ առաջնագիծ գնալը պատիվ էր, հիմա՝ պատիժ. Բագրատ Սրբազան
Մենք ապրում ենք ուրախության և կենսագրության գողացված ժամանակներում։ Ես չեմ պատկերացնում մարդկանց, որոնք, անցնելով պատերազմի դաշտով, կհամարեն, որ իրենց կյանքում ոչինչ չի պատահել։ Յուրաքանչյուրիս կենսագրությունը ոչ միայն գողացված է, այլև խոցված։ Այս մասին այսօր Արցախյան պատերազմների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
՛՛Պարտության դառնությունը զգում են միայն նրանք, որոնց համար թե՛ իրենց ընկերը, թե՛ իրենց շրջապատը, թե՛ մարտի դաշտից դուրս եկած լինելը, թե՛ հաղթանակը՝ որպես ամբողջական պատկեր, ներկայացում, իրականություն, իրենցից ու մեզնից խլված է։
Ինձ համար այսօր ամոթ է թե՛ Եռաբլուրում նայել իմ ընկերների ու եղբայրների աչքերին, թե՛ պարզապես անցնել այն մարդկանց կողքով, որոնք անցել են պատերազմի բովով, մարտի դաշտը չեն լքել, սակայն այսօր իրենք են գտնվում լքվածության մեջ՛՛,-ասաց նա:
Բագրատ Սրբազանի խոսքով՝ այսօր մարդկանց առաջնագիծ են տանում՝ որպես պատիժ։
՛՛Մեկ տառով փոխել են մեր ամբողջ մտածողությունը։ Մի ժամանակ առաջնագիծ գնալը պատիվ էր, հիմա՝ պատիժ։ Ռազմի դաշտը նույնացրել են կալանավայրի հետ։
Արցախ չունենք այսօր՝ այն Արցախը, որով հպարտանում էինք։ Արցախ չունենք՝ իր սրբարաններով, մեր ընկերների շիրիմներով, մեր պատմական վանքերով, որտեղ երբեք թշնամի չէր մտել։
Այսօր խնդիրները մուտք են գործել Հայաստանի Հանրապետության տարածք, թշնամին անընդհատ մեզ թելադրում է, թե մենք ինչ անենք, պարտադրում է, որ երկիր ու հող հանձնենք։
Տարբեր կալիբրի ու տեսակի գործիչներ կան այսօր, որոնք տարբեր տեղերից են ողորմություն խնդրում ինչ-որ ձևով, ինչ-որ բանի հասնելու համար։
Մի առիթով ասել եմ՝ տղերք մեղք եք, մի գնացեք սրա-նրա առաջ ծնկի եկեք։ Դա ոչ միայն ձեր, այլև մեր պատիվն է, ձեզ հո չե՞ն նայում անուն-ազգանունով, այլ նայում են՝ որտեղից եք գալիս, ում եք ներկայացնում՛՛,-նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նաև հավելեց. ՛՛Նպատակ և օրակարգ. մենք պետք է ապրենք այնպիսի պետությունում, որը նպատակ ունի, պետք է գործենք այնպիսի պետությունում, որն օրակարգ ունի, երազ ունի, տեսիլք ունի։
Պետք է ապրենք այնպիսի պետությունում, որն իր քաղաքացիների համար սահմանում է այդ տեսլիքն ու երազը՛՛։