կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» հեղինակավոր մրցույթը։ Այն հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դասական Եվրատեսիլ»-ի մասնակից երկրներն են Հայաստանը, Բելգիան, Կիպրոսը, Չեխիան, Գերմանիան, Լատվիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Շվեդիան և Շվեյցարիան:

Հայաստանը ներկայացնում է ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը։ Նա ելույթ կունենա վեցերորդը։

Հաղթողը կորոշվի ժյուրիի քվեարկության արդյունքում։ Միջազգային ժյուրիի կազմում են գերմանացի դիրիժոր Ջուլիեն Սալեմկուրը, իսպանացի ֆլեյտահար Էդուարդ Վելմարը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Ռոման Սիմովիչը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»-ում Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունը եղել է 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։

«Դասական Եվրատեսիլ 2026»-ի հիմքում հայ կերպարվեստի և դասական երաժշտության լավագույն նմուշներն են: Մրցույթի կարգախոսն է՝ «Հայաստան. վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորում է»։ Այս ուղերձով Հայաստանը ներկայանում է որպես մշակույթի, արվեստի և դասական երաժշտության միավորման հարթակ։

«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։

  • Կիսվել: