ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեղրիի փոխանակման թեման ՀՀ-ում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին․ Փաշինյան

Մեղրիի փոխանակման թեման ՀՀ-ում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին․ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի երկրորդ հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ տեղի ունեցավ Ավան վարչական շրջանում:

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ դեմարկացիայից և դելիմիտացիայից վախենալ պետք չէ:

«Մարդիկ ասում են՝ պետք չէ, որ սահմանը ֆիքսենք: Դա նույնն է, որ միջնադարում ասեին՝ պետք չէ ամրոցի շուրջ պարիսպ կառուցել: Պետական սահմանը 21-րդ դարում պարիսպ է: Երբ մենք այս բանաձևը գործարկենք և նաև վերսկսենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, սա կնշանակի, որ մենք մեկնարկում ենք այն տեսլականի գործարկումը, որի մասին խոսել ենք: Իսկ դա Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է, որ հայ ժողովուրդը խաղաղ զարգացման հնարավորություն ունենա իր հայրենիքում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ տնտեսության ու Հայաստանի արդյունաբերականացման տեսլականին՝ նշելով, որ այն, իր ընկալմամբ, կապված է կոմունիկացիաների բացման հետ:

«Կոմունիկացիաների բացման թեմայով մեզ շատ ուզում են վախեցնել, ինչ-որ միջանցքների մասին են խոսում և այլն: Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները այդ թեմայով բավականին տարօրինակ են, որովհետև մենք ընդունել ենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ կա կետ կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Եվ հունվարի 11-ի մոսկովյան հայտարարության մեջ մենք, ըստ էության, մեկնաբանել ենք, թե ոնց պետք է իրագործենք նոյեմբերի 9-ի հայտարարության՝ կոմունիկացիների բացման կետերը: Դուք կտեսնենք, որ այդ փաստաթղթում «միջանցք» գոյություն չունի, խոսքը կոմունիկացիաների բացման մասին է, բայց այս թեմայի շուրջ վերջերս ուրիշ բան տեղի ունեցավ, երբ Հնդկաստանը Իրանի Իսլամական Հանրապետությունում ստանձնեց մի նավահանգստի շահագործումը և որից հետո հրապարակային առաջարկություն արեց բացել տրանսպորտային միջանցք՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Նրանք «միջանցք» ասելով նկատի են ունենում ուղղակի բաց ճանապարհները, որի հետ կապված մենք որևէ խնդիր չունենք:

Ուզում եմ ձեզ ևս մեկ անգամ հստակ ասել, որ մենք երբեք պաշտոնապես, ոչ պաշտոնապես չենք քննարկել միջանցքի, տարածքի հետ փոխանակման հետ կապված որևէ բան, Մեղրիի մասին են շատ խոսում: Մեղրիի փոխանակման թեման ՀՀ-ում քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին: Այդ քննարկմանը մասնակցել են Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը, որոնք դեմ են արտահայտվել: Քննարկումից հետո Վազգեն Սարգսյանը մեկնել է Մեղրի, որտեղ խոսել է Մեղրիի ռազմավարական նշանակության վերաբերյալ, որից հետո տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ը, սպանվել են Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը: Որից հետո տեղի է ունեցել ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվել է Ստամբուլյան խարտիան, որով Հայաստանն ըստ էության կողմ է քվեարկել այն բանաձևերին, որը պիտի նշանակի, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ տարօրինակ է, որ Մեղրիի թեման փորձում են իշխանությունների հետ կապել այն քաղաքական ուժերը, որոնք ժամանակին իրենք են լրջորեն քննարկել Մեղրիի փոխանակման թեման:

«Հետևաբար, Հայաստանի արդյունաբերականացման գործընթացի տրամաբանության մեջ մեզ համար չափազանց կարևոր է կոմունիկացիաների բացումը, որպեսզի ՀՀ-ը ստանա երկաթուղային կապ Իրանի Իսլամական Հանրապետության և ՌԴ-ի հետ, սա նշանակում է՝ ամբողջ աշխարհի հետ, որովհետև եթե մենք երկաթուղով մուտք ենք ունենում Ռուսաստան, այնտեղից կարող ենք բոլոր ուղղություններով փոխադրումներ իրականացնել Չինաստան, Եվրոպա և բոլոր ուղղություններով: Երկաթուղային կապով տնտեսությւոնը, բոլորովին ուրիշ տնտեսություն է»,- հավելեց Փաշինյանը:

  • Կիսվել: