Մեղք եք, ժողովո՛ւրդ. Սաթիկ Սեյրանյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ես ցավում եմ, որ պետական ինստիտուտներն այդպես մսխվում են ոչ միայն ֆինանսապես, այլև մասնագիտական, մարդկային առումներով։ Ի դեմս Ալեն Սիմոնյանի, ես նրա խոսնակին չեմ պատասխանելու, որովհետև նրա գործունեությանը մամուլում բավականչափ ծանոթ եմ, կարող եմ ասել, մեղք եք, ժողովո՛ւրդ։ Բայց ավելի ցավում եմ մեր երկրի համար»,-այսպես է պատասխանել 168.am-ի խմբագիր, Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ արձագանքելով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանի խոսնակի հրապարակած գրառմանը։
Նշենք, որ Ծովինար Խաչատրյանն արձագանքել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի «Ոսկե հորթ» խորագրով հաղորդմանը, որտեղ Ղազարյանը մեղադրանքներ է հնչեցնում Ալեն Սիմոնյանի հասցեին։
«Նրանք անտեսել են բոլոր աղաղակող փաստերը, որոնք հրապարակված են եղել մամուլում, բազմաթիվ լրատվամիջոցներում, Էդգար Ղազարյանը հղումները տվել է դրանց, և կենտրոնացել են այն բանի վրա, որ անոնսի լուսանկարը տեխնիկական պատճառներով հայտնվել է Ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում։ Ցավում եմ, բայց հույս ունեմ, որ աղաղակող, կոռուպցիոն դեպքերի մասին դեռ հրապարակումներ կլինեն, քրեաիրավական գնահատականներ կտրվեն»,-Panorama.am-ին ասել է Սաթիկ Սեյրանյանը։
Ժուռնալիստների միության նախագահը հիշեցրել է՝ ինքը 90-ականներից, նաև դրանից առաջ եղել է մամուլում։
«Անքան հին եմ, որ եթե մի բան հրապարակում եմ, թող իմանան, որ իմ ձեռքին հինգ այլ փաստեր ունեմ։ Իրենք փոխարեն կենտրոնանան և պատասխան տան այդ աղաղակող փաստերի, կոռուպցիոն երևույթների, դեպքերի մասին, որ ոչնչից դարձել են միլիոնատերեր տառացիորեն, կենտրոնացել են ինչ-որ բաների վրա։ Վա՜յ, լուսանկարը հայտնվեց Ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում։ Պահակ են կանգնել, պահակ են աշխատում, հուսամ՝ դրա համար էլ պետական բյուջեից աշխատավարձ չեն ստանում։ Մեղք են ուղղակի։ Բայց ավելի շատ ափսոսում եմ երկրիս համար, որ այդպիսի մարդիկ են աշխատում պետական կառավարման համակարգում ու, մասնավորապես, օրենսդիր մարմնում»,-ասել է Սեյրանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։


