ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Մայրի՛կ հետազոտվիր, որ լինես առողջ»․ Ավանեսյանը մասնակցել է Կրծքագեղձի քաղցկեղի օրվան նվիրված ծրագրին

«Մայրի՛կ հետազոտվիր, որ լինես առողջ»․ Ավանեսյանը մասնակցել է Կրծքագեղձի քաղցկեղի օրվան նվիրված ծրագրին

Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված` «Մայրի՛կ հետազոտվիր, որ լինես առողջ» խորագրով բժշկա-սոցիալական ծրագրին: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։
 
Հանրային միջոցառման նպատակն է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը հիվանդության, կրծքագեղձի քաղցկեղի խնդրի, դրա կանխարգելման և վաղ ախտորոշման հնարավորությունների վերաբերյալ:
 
«Ցավոք, կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածվածներից է: Հիվանդության դեմ պայքարի մեխանիզմների, բժշկության զարգացմանը զուգահեռ, աշխարհն այսօր փորձում է հիվանդությունը հաղթահարել վաղ փուլերում` սքրինինգային ծրագրերով` փորձելով խթանել վաղ հայտնաբերումը»,- ողջույնի խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը:
 
Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման սոցիալական ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, բժիշկ-մասնագետներ և մարդիկ, ովքեր անցել են հիվանդության հաղթահարման բարդ ուղին։
 
Միաժամանակ, մասնագիտական հատվածում ցուցադրվել է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար իրականացվող պետական ծրագրին նվիրված վավերագրական ֆիլմ և հիվանդության վաղ ախտորոշման կարևորության մասին տեսաձայնագրություններ:
 
Միջոցառումը եզրափակվել է «Երեխաները մայրիկների համար» խորագրով համերգային ծրագրով։

  • Կիսվել: