ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մայիսի 9․ Հաղթանակի և խաղաղության տոնը` հարգանքի և խոնարհումի օր

Մայիսի 9․ Հաղթանակի և խաղաղության տոնը` հարգանքի և խոնարհումի օր

Հայ ժողովուրդը 2022թ. մայիսի 9-ին առանձնահատուկ խոնարհումով է նշում Հայրենական Մեծ Պատերազմում հաղթանակի 77-ամյակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում և Արցախում հարգանքի տուրք կմատուցեն ինչպես հաղթանակները կերտած ու անմահացած հայորդիների հիշատակին, Հայրենական պատերազմի վետերաններին, որոնք ապրում են մեր կողքին, այնպես էլ Արցախյան 44-օրյա պատերազմում անձնվիրաբար մարտնչած հայ հերոսներին, որոնք կյանքը տվեցին Արցախի ու Շուշիի պաշտպանության համար, սակայն Շուշին կրկին հայտնվեց ադրբեջանական օկուպացիայի մեջ։

Հայաստանում մայիսի 9-ին նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ Մեծ Հայրենական պատերազմի Հաղթանակի 77-ամյակի կապակցությամբ Հաղթանակի զբոսայգում՝ մայիսի 9-ին ժամը 10:00 և Հարավկովկասյան երկաթուղում՝ ժամը 14։00 քաղաքացիներին կբաժանվեն Գեորգիևյան ժապավեններ։

Ժամը 11-00-ին Հաղթանակ զբոսայգու անմար կրակի մտ տեղի կունենա «Հայաստանի անմահ գնդի» ակցիան։ Ցանկացողները կարող են միանալ ակցիային և անմար կրակի մոտ պարզել իրենց հարազտտների լուսանկարները, որոնք զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ընթացքում։ Նմանատիպ ակցիաներ կանցկացվեն նաև Վանաձորում, Հրազդանում, Կապանում և Հայաստանի այլ քաղաքներում։

Մայիսի 9-ին նախատեսված է նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության այցեր Հաղթանակ զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Միջոցառումներ են նախատեսված նաև Արցախում։ Ժամը 11:00-ին Արցախի Հանրապետությունում կհայտարարվի Լռության րոպե՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Լռության րոպեից անմիջապես հետո (ժամը 11:01-ին) Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Մեծ հայրենական, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում նահատակված հերոսների:

Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարից Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթի պատմական Սուրբ Խաչի առաջնորդությամբ կմեկնարկի Խաչերթ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր:

Ժամը 14:00-ին «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի հարակից տարածքում կկազմակերպվի «Հաղթանակի ակնթարթներ» մշակութաժամանցային ծրագիր (ավանդական խաղեր, պլեներային նկարչություն, «Նաղաշ» մշակութաժամանցային ծրագիր, դաշտային խոհանոցի ծավալում):

Նաև հայերը կերտեցին Հայրենականի հաղթանակը

Հայրենական պատերազմի տարբեր ռազմաճակատներում կռվել ու հաղթանակում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Խուդյակով (Խամփերյանց), Աղանով և ԽՍՀՄ-ի մեկ ծովակալ՝ Իսակով։ 70 հազար հայ մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով, 27 շարքային զինվոր դարձել է փառքի շքանշանակիր, 104 մարդ արժանացել է խորհրդային միության հերոսի կոչման: Նելսոն Ստեփանյանն արժանացել է Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչմանը:

«Հարսանիք լեռներում». 30 տարի առաջ ազատագրված Շուշին կրկին օկուպացված է Ադրբեջանի կողմից

Ուղիղ 30 տարի առաջ մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները հաջողությամբ ավարտեցին «Հարսանիք լեռներում» օպերացիան, որի արդյունքում ազատագրվեց հրաշագեղ Շուշին: Շուշիի ազատագրումն էլ բեկումնային դարձավ ղարաբաղյան պատերազմում և նախանշեց հետագա հաղթանակների ուղին: «Հարսանիք լեռներում» օպերացիայի արտասովոր անվանումը գալիս է նրանից, որ այդ ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը անիրագործելի էր համարում Շուշիի ազատագրման մարտական պլանը, կարծում էր, որ նման օպերացիա իրականացնելը դեռ վաղ է ու պետք է դրան լավ պատրաստվել: Նրանք որոշել էին` Շուշին գրավելուց հետո լեռներում Վազգեն Սարգսյանի հարսանիքը կազմակերպել. այդպես էլ օպերացիան ստացել է «Հարսանիք լեռներում» պայմանական անվանումը:

Ազատագրական գործողություններն իրականացվել են 4 ուղղությամբ միաժամանակյա հարձակումներով: Մայիսի 8-ի գիշերը` ժամը 2.30-ին` Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո, հայկական զորքը մտնում է Շուշի, և մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի Սբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: Այն նորանկախ Հայաստանի պատմության ամենափառավոր էջերից է: Եվ անգամ 2020թ. Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմը, Շուշիի օկուպացումը չեն կարող նսեմացնել 1992թ. մայիսի 8-9-ի պատմական իրադարձությունների դերն ու նշանակությունը։

Ադրբեջանը 2020թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ ագրեսիվ ռազմական գործողություններ սանձազերծեց Արցախի դեմ, հոկտեմբերի 8-ին հարվածեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, ավերեց այն, նոյեմբերին Շուշիի օկուպացիայից հետո սկսեց ավերել նաև քաղաքն ու ոչնչացնել հայկական հետքը։ 2021թ. ապրիլի վերջին հանեց եկեղեցու գմբեթները` աղավաղելով դրա քրիստոնեական տեսքն ու խաթարելով ճարտարապետությունը։

Բանակը՝ անվտանգության երաշխավոր

Մայիսի 9-ին նշվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը: ԼՂՀ պաշտպանության բանակը պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները:

  • Կիսվել: