ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին. հայտարարություն

Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին. հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 17-ին  Մարտին Գալստյանին ընտրել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում:

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ընթացակարգերի համաձայն, Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին:

 

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը  ներկայացրել է Մարտին Գալստյանի հակիրճ կենսագրականը:

 

Մարտին Արտաշեսի Գալստյանը ծնվել է 1978 թ. մայիսի 4-ին:

1994-1999 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետ ԲՈՒՀ-ի ասպիրանտուրայում՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2009-2010 թթ. սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում, ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թ-ին ՀՀ կենտրոնական բանկում: Երկար տարիներ ղեկավարել է ֆինանսական գործառնությունների վարչության միջազգային պահուստների կառավարմամբ զբաղվող ստորաբաժանումը, այնուհետ ղեկավարել է Վիճակագրության վարչությունը: 2015 թ-ին նշանակվել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի առաջին ղեկավար: 2018 թ-ից առ այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է:

Հանդիսանում է Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու / դասախոս:

Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Մրցունակություն և կլաստերներ» առարկան: Նույն համալսարանում Հարվարդի բիզնես դպրոցի ծրագրի արտոնագրով դասախոսություններ է կարդում: 2015 թ-ին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս:

Ներգրավված է հասարակական գործունեության մեջ, մասնակցել է 50-ից ավել միջազգային մասնագիտական միջոցառումների, մի շարք մասնագիտական հրապարակումների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

  • Կիսվել: