ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտի մեկի արյունալի իրադարձություններից անցել է 12 տարի (տեսանյութ)

Մարտի մեկի արյունալի իրադարձություններից անցել է 12 տարի (տեսանյութ)

2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունենքրի  դեմ բողոքող քաղաքացիները ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ  ընտրություններին հաջորդող օրերին՝ մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում  անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ:

Ոստիկանությունը հայտարարել է, թե օպերատիվ տեղեկություններ ունի Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին։

Մարտի 1-ի առավոտյան՝ ժամը 6։30-ին, Ներքին գործերի նախարարութան ուժերը, մահակներով, էլեկտրական հարված հասնող սարքերով հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, ցրեցին նրանց։

Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի՝ այդ պահին հրապարակում խաղաղ գիշերել են 4000 քաղաքացիներ։

Բախումներ հետևանքով զոհվել է 10 մարդ։ Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող): Շուրջ 300 մարդ մարմնական, հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:

Ոստիկանության կրակոցների ու կիրառած ուժի արդյունքում հարյուրավոր քաղաքացիներ տեղափոխվում են հիվանդանոցներ։ Ոստիկանական դաժանությունների ողջ պատկերը երևում է օրեր անց, երբ ի մի են բերվում այդ օրը հավաքված լուսանկարներն ու տեսանյութերը։ Դրանցում պատկերվում է ոստիկանների գործողությունների հետևանքները՝ ասֆալտի վրա շաղ տրված մարդու մարմնամասերից մինչև փամփուշտներ։

Մարտիմեկյան քրեական գործի նյութերի համաձայն՝ նշված իրադարձությունների ժամանակ 278 անձ (221 ոստիկան և 57 քաղաքացիական անձ) ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են տասնյակ տրանսպորտային միջոցներ, իսկ տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից և զինծառայող, ինչպես նաև 58 քաղաքացիական անձ, որոնցից 20-ին պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 38-ին`գույքային: Արդյունքում՝ մեղադրանք առաջադրվեց 152 անձի, սակայն նրանցից միայն 117–ի վերաբերյալ գործը ուղարկվեց դատարան:

Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո հարյուրավոր մարդիկ հայտնվեցին անազատության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը) 301–րդ՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, 316-րդ իշխանության ներկայացուցչի՝ նկատմամբ բռնություն գործադրելը, 176-րդ՝ ուրիշի գույքի հափշտակություն հոդվածների հատկանիշներով:

2008թ. մարտիմեկյան իրադարձությունների պատճառով բոլոր դատապարտված անձինք, որոնց թվում բազում քաղաքական գործիչներ կան, ազատ արձակվեցին 2009թ. հունիսի 19-ին և 2011թ. մայիսի 26-ին ՀՀ ազգային ժողովի Համաներման որոշումների հիման վրա։ Ի դեպ, դատաքննությունների ընթացքում մի շարք առանցքային վկաներ հայտնեցին, որ իրենց նախաքննական ցուցմունքները կորզվել են լուրջ հոգեբանական և ֆիզիկական ճնշումների ներքո:

2018թ. իշխանափոխությունից հետո «Մարտի 1-ի» քրեական գործը վերաբացվեց, և մեղադրանք առաջադրվեց մի քանի նախկին պաշտոնյանների, այդ թվում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինս 2018թ. հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ 

 

 

  • Կիսվել: