ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմադիր գործիչները պատրաստ են բոլոր հնարավոր ճնշումներին և հետապնդումներին՝ ընդգծելով, որ քաղաքական պայքարը շարունակվելու է։

«Ով ընդդիմադիր է, ով այս պայքարի մեջ է, մեծ հաշվով կարծում եմ՝ ամեն ինչի էլ պատրաստ է։ Ամեն մեկը պատրաստ է, որ մտնելու են տուն, կամ քաղաքում տեղաշարժվելու ընթացքում կարող են կանգնեցնել, ինչ-որ բաներ անել։ Բոլոր ընդդիմադիրների հետ կապված հիմա նաև հարկային տեռոր է գնում։ Մենք ամեն ինչին էլ պատրաստ ենք, մեր խնդիրն է ճիշտ դիմակայել և արժանի հակահարված տալ»,- ասաց Քոչարյանը։

Անդրադառնալով ընտրություններին՝ պատգամավորը պնդեց, թե ընդդիմադիր դաշտում վախի մթնոլորտը զգալի ազդեցություն է ունեցել ընտրական մասնակցության վրա։

Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի նպատակները չեն փոխվել՝ ընդգծելով, որ իրենց քաղաքական նպատակը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը։

Լևոն Քոչարյանը անդրադարձավ նաև նախկին և ներկա քաղաքական իրադարձություններին՝ շեշտելով, որ անցյալի խնդիրները չեն կարող արդարացնել ներկայիս խախտումները։

«Եթե նախկինում եղել են խնդիրներ, դա չի նշանակում, որ այսօր կատարվածը արդարացված է»,- նշեց նա։

Պատասխանելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հարցերին՝ Քոչարյանն ընդգծեց, որ տեղի ունեցածը պետք է գնահատել ամբողջական համատեքստում։

«Իրենք համաձայն չէին ընտրությունների հետ։ Երկրորդը՝ օրինակ կասե՞ք ինձ՝ առաջին կապիտանը որ մահացավ, ազատ խոսքի համա՞ր էր։ 190-ից ավելի ոստիկան վիրավորում է ստացել ու նույն ժամանակ քաղաքացիական վիրավորները եղել են շուրջ 30-ը, եթե չեմ սխալվում։ Ինչի՞ համար է եղել դա՝ ազատ խոսքի՞։ Այդ ոստիկանը որ մահացել է, ինչի՞ համար է մահացել։ Կադրերը կան, որ նաև ցուցարարների կողմից հրազենային զենքով կրակում են դեպի ոստիկանները։ Ազատ խոսքի համա՞ր են կրակել։ Եղել է ողբերգություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող արդարացնել որևէ մահ, հատկապես այդ հանգամանքներում։ Ո՞վ է այդ նռնակը գցել այդ ոստիկանի վրա։ Դուք գիտե՞ք։ Ես չգիտեմ մինչև այսօր։ Ու նաև մնացածները չգիտեմ։ Գիտեմ, որ մի քանի մահ եղել են «Չերյոմուխա»-ի և այլ զենքերի սխալ օգտագործումից։ Այսինքն՝ դիտավորության մասին այստեղ խոսք չկա։ Դրա համար հենց մեր պահանջն էլ է եղել միշտ, որ բացահայտեք դեպքերը, բացահայտեք սպանությունները, որովհետև եթե դրանք չեն բացահայտվում, միշտ տեղիք են տալիս տարբեր ենթադրությունների, տարբեր մտածմունքների»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: