«Մարտի 1»-ը լիարժեք բացահայտելու հնարավորություն ուներ այս իշխանությունը վեց տարվա ընթացքում․ Սրբազան
«Մարտի 1»-ը ողբերգություն է բոլոր առումներով, այն լիարժեք բացահայտելու հնարավորություն ուներ այս իշխանությունը վեց տարվա ընթացքում, հետևաբար, երբ իրենք կբացահայտեն, գնահատական կտան, ես էլ ինձ իրավունք կվերապահեմ գնահատական տալու: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ժամանակին գնահատական չի հնչեցրել Մարտի 1-ի վերաբերյալ, երբ հիմա հունիսի 12-ի իրադարձությունները համեմատում է այդ օրվա հետ։
Բագրատ Սրբազանը նաև ասաց, «մարտի 1»-ի հետ համեմատությունը զուտ անձի պատճառով է եղել։
«Այդ մարդն ի՞նչ էր ասում «մարտի 1»-ին՝ հոգին փառավորվում էր, քաղաքացիներին հրահրում էր, որ ոստիկաններին ջարդեն, երկաթներ վերցնեն, ինքնպաշտպանվեն։ Ես համեմատել եմ այդ դրվագը այս դրվագի հետ։
Ես այն մարդը չեմ, որ «մարտի 1»-ի քաղաքական գնահատական տամ։ Դատարան կա, վեց տարի դատարանն իրենց ձեռքում է, բոլոր հնարավոր տարբերակներով՝ ԱԱԾ, փաստաթղթեր, ամեն ինչ իրենց ձեռքում է։ Թող բացահայտեն»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Նա ասաց, որ Մարտի 1-ը Հայաստանի պատմության ամենասև էջերից մեկն է։



