շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտի 1-ին միակ բանը, որ արել եմ, արտակարգ դրություն հայտարարելն էր, ինչը պարտավոր էի անել. ՀՀ երկրորդ նախագահ

Մարտի 1-ին միակ բանը, որ արել եմ, արտակարգ դրություն հայտարարելն էր, ինչը պարտավոր էի անել. ՀՀ երկրորդ նախագահ

Պատերազմի ժամանակ մեզ անընդհատ կերակրում էին ստերով, թե հաղթում ենք: Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ես գիտեի` ի՛նչ է տեղի ունենում, տեղեկացված մարդիկ գիտեին` ի՛նչ է կատարվում, բայց հանրությանը պարզապես խաբում էին, այդ պատճառով ստորագրված համաձայնագիրը շատերի համար շոկային էր. եթե մենք անընդհատ առաջ էինք գնում, ինչպե՞ս է դա հնարավոր: Պարզվում է` ձախողումը հաջորդել է ձախողմանը, ոչ մի հաջող ռազմագործողություն տեղի չի ունեցել: Նորմատիվ բառապաշարով անհնար է արտահայտվել՛՛:

ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ ՛՛բնակչությանը այնպես էին լակոտի տեղ դրել, որ այդ ստորագրված հայտարարությունը շատերի համար Հայաստանում շոկ դարձավ՛՛:

՛՛Ինչպե ՞ս այդպես ստացվեց: Հարձակվում էինք, առաջ էինք գնում: Պարզվեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում ոչ մի հաջող գործողություն չի եղել, եղել է ձախողումը ձախողման հետևից: Հնարավոր չէ նորմալ բառապաշարով դա նկարագրել, որ եղել է այսպիսի կամ այնպիսի իրավիճակ՛՛,- ասել է Քոչարյանը:

Խոսելով այն մասին, թե ինքն ինչու՛ հեռացավ իշխանությունից, Քոչարյանը պատասխանել է.  ՛՛Իմ՝ իշխանության ղեկին լինելու երկրորդ և Սահմանադրությամբ վերջին ժամկետը լրացել էր՛՛:

Բազմաթիվ թեմաների շարքում Պոզներն անդրադարձել է նաև 2008-ի մարտին տեղի ունեցած հայտնի իրադարձություններին և հետաքրքրվել՝ երկրորդ նախագահը դրանց համար պատասխանատվություն կրո՞ւմ է, քանի որ իրեն նման մեղադրանք է առաջադրված, թե արյուն է հեղել: 

Այս առնչությամբ Քոչարյանն ասել է. ՛՛Եղել են հետընտրական իրադարձություններ, արդեն ընտրվել է ՀՀ նոր նախագահ, իմ պաշտոնավարման ժամկետն ավարտին էր մոտենում, ապրիլի 9-ին ես իմ լիազորությունները վայր դրեցի: Այսինքն՝ խոսքն ամենևին էլ իմ իշխանության պահպանման մասին չէր: Եղել են փողոցային անկարգություններ, արտակարգ դրություն է հայտարարվել, ոստիկանության հետ բախումներ են սկսվել, դրանց հետևանքով երկու ոստիկան է մահացել, ավելի քան 180 մարդ վիրավորվել է՝ բեկորային վնասվածքներ են ստացել ու այրվածքներ՛՛:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ միակ բանը, որ արել է, արտակարգ դրություն հայտարարելն էր, ինչը պարտավոր էր անել:

՛՛Բառացիորեն մեկ շաբաթ առաջ ՀՀ ՍԴ-ն չեղարկեց օրենքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք էր առաջադրվել՝ կապված այդ դեպքերի հետ՛՛,-հավելել է նա:

Պոզների հարցին, թե կարո՞ղ է նոր հոդվածով մեղադրանք առաջադրվել, Քոչարյանը պատասխանել է. ՛՛Ոչ, չեն կարողանա հորինել, հիմա դատախազությունը փորձում է գտնել ինչ-որ հնարավորություններ՝ մեղադրանքը վերաորակավորելու, կարծում եմ՝ իրենց մոտ դա չի հաջողվի: Ես այդպես էլ չհասկացա այս մեղադրանքի էությունը, մենք երեք տարի ասել ենք, որ դա աբսուրդ է, ու վերջապես ՍԴ-ն նման որոշում կայացրեց՛՛:

 

 

  • Կիսվել: