ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մարտի 1-ի սպանությունների հեղինակները թիրախավորել են ՀՀ քաղաքացուն, որ նրա մտքով չանցնի իշխանություն ունենալ ՀՀ-ում. Փաշինյան

Մարտի 1-ի սպանությունների հեղինակները թիրախավորել են ՀՀ քաղաքացուն, որ նրա մտքով չանցնի իշխանություն ունենալ ՀՀ-ում. Փաշինյան

2008 թվականի մարտի 1-ին ՀՀ այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, ՀՀ քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարևոր է արձանագրել, որ «Մարտի 1»-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք կանգնած են դատարանի առջև, և «Մարտի 1»-ի գործը, իմ գնահատմամբ, բացահայտված է: Շատերը հարցնում են՝ ինչպե՞ս կարող է բացահայտված լինել գործը, եթե սպանությունները բացահայտված չեն: Իմ գնահատականն է, որ, այո՛, սպանողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված են, և դա հանրությանը բացահայտ կերևա գործի քննության ընթացքում:

«Մարտի 1»-ի գործով պաշտպանական թիմը հնարավոր և անհնար բոլոր միջոցները գործադրում է, որ դատավարությունը անընդհատ ձգձգվի, որպեսզի գործի ապացույցները չհետազոտվեն, չբացահայտվեն, հրապարակային չդառնան բազմաթիվ ճշմարտություններ: Նրանք ակնհայտորեն ժամանակ են ձգում, որովհետև ոմանք հույս ունեն, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կարող են բռնազավթել ժողովրդի իշխանությունը:

Մարտի 1-ի սպանությունների հեղինակները կոնկրետ անուն-ազգանունով մարդկանց չեն թիրախավորել, այլ ՀՀ քաղաքացուն, որ նրա մտքով չանցնի իշխանություն ունենալ ՀՀ-ում, իսկ սպանություններ կատարողները բացահայտված չեն նաև այն պատճառով, որ մարտի 1-ի իրադարձություներից հետո քննչական մարմինները դեպքի վայրից հավաքել են կրակված պարկուճները և դրանք փոխարինել այլ տեղերում այլ անձանց կողմից կրակված պարկուճներով: Այսինքն՝ իշխանությունը հոգ է տարել, որ սպանությունների պոտենցիալ ապացույցները ոչնչանան: Ինչո՞ւ: Այս հարցերի պատասխանները, թերևս, կստանանք «Մարտի 1»-ի գործով դատաքննության փուլում: Հենց այդ պատճառով է, որ հետաձգվում է դատաքննությունը»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այդ նույն մարդիկ այսօր էլ փորձ են անում բանակը հանել ժողովրդի և ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության և կառավարության դեմ:

 

  • Կիսվել: