ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մարդը, որը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից, մեզ մեղադրում է հարցի տարածքային վեճի կոնտեքստ ստանալու մեջ. Փաշինյան

Մարդը, որը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից, մեզ մեղադրում է հարցի տարածքային վեճի կոնտեքստ ստանալու մեջ. Փաշինյան

Այն բանից հետո, երբ իմ վրա վերցրեցի պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունը, հետաքրքիր գործընթաց է ստեղծվել Հայաստանում: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող Կառավարություն: Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով: Հարցն այդպիսի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը մեկ այլ մեղադրանք մեջբերեց. միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ադրբեջանի ընկալել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգում:

«Մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք միազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրության վերաբերմունքը ձևավորվել է վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ և դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը և Հայաստանն աստիճանաբար միջազգային հանրության կողմից սկսվեց ընկալվել որպես օկուպանտ:

«Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը: Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՞րբ և ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցություննների մեկնարկից ի վեր: Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, որտեղ մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրութունը ցույց տվեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավար պետք է ունենա, և սա է հարցի լուծման բանաձևը:

Դիվանագիտական հաջողությունը 1995 թվականին դիվանագիտական սեղանին դրված ընդհանուր պետություն բանա՞ձևն էր»,- նշեց Փաշինյանը՝ հիշեցնելով դիվանագիտական սեղանին նախկին 25 տարիների ընթացքում քննարկված բոլոր փաստաթղթերը:

  • Կիսվել: