երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարդիկ սովի են մատնվում, սնունդը սահմաններին փչանում է․ այն պետք է որպես հումանիտար առարկա դիտվի. Խաչատուր Սուքիասյանը՝ Լարսում գոյացած հերթերի վերաբերյալ

Մարդիկ սովի են մատնվում, սնունդը սահմաններին փչանում է․ այն պետք է որպես հումանիտար առարկա դիտվի. Խաչատուր Սուքիասյանը՝ Լարսում գոյացած հերթերի վերաբերյալ

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացնելով նախագիծը հայտնեց, որ պայմանագիրը ստորագրվել է 2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում:

«Համաձայնագիրն ուղղված է ապրանքների փոխադրումների ժամանակ պետական հսկողության միջոցների կրճատմանը և օրինական շրջանառության ապահովմանը: Համաձայնագրով սահմանված են նավիգացիոն կապարակնիքների կիրառման պայմանները և կարգը, հետագծման օբյեկտների, ապրանքները տեղափոխող տրանսպորտի տեսակների, ապրանքների փոխադրումների, հետագծման մասնակիցների ազգային օպերատորների և հսկողական մարմինների տեղեկատվական փոխգործակցության առնչվող հիմնական դրույթները»,-նշեց Աշոտ Մուրադյանը և հավելեց, որ ծրագրով նախատեսված է հետագծման փուլային ներդրում:

ՊԵԿ նախարարի տեղակալը նաև նշեց, որ ՝

«ՀՀ-ի տեսանկյունից կարևոր է այս նախագիծն այն առումով, որ ՌԴ-ի մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում նախնական պայմանավորվածությունների համաձայն կապարակնիքների կիրառման պարագայում կապարակնիքներում նախատեսված տեղեկատվության զետեղման և առկայության դեպքում հնարավոր կլինի Լարսի անցակետում ավելի արագ անցնել ձևակերպումները և ՀՀ-ից ՌԴ և ՌԴ տարածքով այլ երկրներ տեղափոխվող տրանսպորտային միջոցները և ապրանքները ավեի հեշտ կանցնեն ձևակերպումների պրոցեսը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղելով Աշոտ Մուրադյանին, նշեց.

«Հաշվի առնելով, որ սա ՀՀ-ի համար շատ կարևոր օրենք է կամ շատ կարևոր համաձայնագիր է, որի արդյունքում մենք կարող ենք էլեկտրոնային կամ նավիգացիոն կապարակնքման արդյունքում արագացնել և այդ մեքենաները որ կանգնել են Լարսում՝ ՀՀ-ի տնտեսությունը բավականին մեծ վնասներ է կրում: Ուզում եմ հասկանալ՝ գործադիրի հետ ինչ կարող ենք անել մենք  որպես օրենսդիր, որ մեկ օր շուտ ճանաչեն մեր կապարակնիքները, կամ այդ համապատասխան տեխնիկական վերազինումը ինչ արագությամբ կարող ենք բերել, որ կարողանան կարդալ, կամ կարողանան տեսնել ինչ կա բեռնատարի մեջ, որպեսզի մեկ օր շուտ ունենանք սա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր տնտեսվարող սուբյեկտները բավականին մեծ վնասներ են կրում այդ հերթերի արդյունքում»,- ասաց Սուքիասյանը:

Նա նաև ընդգծեց, որ նոր առաջարկ է արվել Եվրասիական տնտեսական միությանը, որ «եթե հումանիտար ապրանքներ են դրանք առաջնային լինեն, եթե սնունդ է՝ դա արդեն հումանիտար է, և այսպիսի մի առաջարկ լինի, այդ երկրների հետ համաձայնության գանք՝ սնունդի հետ կապված ապրանքները պետք է առաջնահերթ անցնեն: Սնունդը փչանում է, սնունդը մարդիկ են ստեղծում, մարդիկ կան, որ սովի են մատնված, սնունդը պետք է հումանիտար դիտվի: Այս խնդիրը գործադիրով, օրենսդիրով ասեք՝ ոնց կարող ենք լուծել»:

ՊԵԿ նախագահի տեղակալն ի պատասխան պատգամավորի ասաց՝ քանի որ համաձայնագիրը միջազգային է և ունի 5 կողմեր, այն լիարժեք ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է, որ բոլոր 5 կողմերն իրենց երկրներում վավերացնեն այն:

«Բայց, այնուամենայնիվ մենք դրանք չենք սպասելու: Մենք ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում և Վրաստանի   հետ համաձայնություն ձեռք բերելու շրջանակում կփորձենք երկկողմ, օր առաջ այս համակարգը կիրառել, որպեսզի Ձեր ասած խնդիրներին օր առաջ լուծում տանք»,- նշեց Աշոտ Մուրադյանը:

  • Կիսվել: