երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Մանուկյանի հավաքը մի «մասանդրա» է ամբաստանյալ Քոչարյանի շահերի սպասարկման շուրջ. Արուսյակ Ջուլհակյան

Մանուկյանի հավաքը մի «մասանդրա» է ամբաստանյալ Քոչարյանի շահերի սպասարկման շուրջ. Արուսյակ Ջուլհակյան

«Վերնատուն» կոչվող խմբակի հավաքին եղել են մարդիկ, ովքեր տոտալ մերժման են արժանացել 2018 թվականի հեղափոխությամբ, Primenews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով երեկ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ կազմակերպված հավաքին։ Նրա խոսքով, հանրությունը նախորդ տարի մերժեց ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև նրա կուսակցությանը ու նրան մերձ կանգնած, սպասարկած խմբերին, անձանց։

«Հայաստանի քաղաքացին մերժեց բոլոր նրանց, ովքեր սպասարկել են Սերժ Սարգսյանին ու նրա կուսակցությանը՝ ջրի երեսին մնալու համար, այո, դրանք թե դաշնակներն են, թե Դավիթ Շահնազարյանը, թե այնտեղ ներկա բոլորը», -հավելեց իշխանական խմբակցության պատգամավորը։

Ջուլհակյանի պնդմամբ, Մանուկյանի ստեղծած ակումբը մարգինալների խմբակ է հիշեցնում, հետևաբար այդ խումբը չի կարող քաղաքական մրցակից լինել իշխող ուժին։ Հասարակության մեջ անհամերաշխության ու բզկտվածության մասին հայտարարող Վազգեն Մանուկյանին, Ջուլհակյանը հիշեցնում է՝ ինչ պայմաններում էր ստանձնում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը. «Նա ՀԽ նախագահի պաշտոնը վաստակեց այն ժամանակ, երբ հասարակությունը անհարշտ էր, երբ քաղաքացուց խլել էին իշխանությունը, շատ խորը անդունդ ու անջրպետ էր առաջացել ՀՀ քաղաքացու ու իշխանությունների միջև։ Դա հետմարտիմեկյան շրջանն էր, երբ իշխանությունը մի խմբակ ուզուրպացրել էր»։

Ավելին, պատգամավորը հիշեցնում է «նախկին բռնապետական ռեժիմը, երբ ընդդիմադիր դաշտը լայն լուսաբանման չէր արժանանում»։

«Հիշեցնեմ նաև՝ ինչպես էին ընդդիմադիրները խնդիրներ ունենում իրենց հավաքների համար տեղեր փնտրելիս, նրանց ոչ մի տարածք չէր հատկացվում։ Որևէ հյուրանոց, որևէ կառույց չէր համաձայնում նրանց հավաքի համար տարածք տրամադրել, մինչդեռ բոլորս տեսանք երեկվա նրանց հանդիպումը ինչպես լայն լուսաբանվել Հանրային Հեռուստաընկերությամբ։ Այս պարագայում խոսել բռնապետության մասին, անհեթեթ է, զավեշտալի»,-նշեց պատգամավորը։

Երեկ լրագրողների հետ ճեպազրույցում Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպում ունեցել է, երբ նա մի կարճ ժամանակաընթացք կալանքից ազատ էր արձակվել։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է Մանուկյանի այս «Վերնատուն» հավաքը հենց Քոչարյանի նախաձեռնությունն է եղել, ԱԺ պատգամավորը դժվարացավ պատասխանել, բայց նաև ընդգծեց. «Այն, որ այս մարգինալ խմբակը հենց Քոչարյանի շուրջ է հավաքված, դա ակնհայտ է։ Ամեն անգամ, երբ նման մի հավաք է լինում ու իբր ի պաշտպանություն ամբաստանյալ Քոչարյանի հայտարարություն է տարածվում, հերթական ինքնալյուստրացիոն գործընթացին ենք ականատես լինում։ Պարզ է՝ ովքեր են կանգնած նրա կողքին ու ինչ քաղաքական շահեր ու նպատակներ են հետապնդում»։

Արուսյակ Ջուլհակյանը «Վերնատուն» շարժումը անվանում է «մասանդրա» հիշելով Քոչարյանի կողմից հնարած հայտնի բառը. «Ամբաստանյալ Քոչարյանը մանսարդ բառը սխալ էր արտաբերել, ասելով՝ մասանդրա։ Այո, սա մի «մասանդրա» է ամբաստանյալ Քոչարյանի շահերի սպասարկման շուրջ»։

  • Կիսվել: