Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան բան՝ հաղթել է ՔՊ-ին. Հայկ Մամիջանյան
Թե ինչո՞ւ հենց այս պահին ազատ արձակվեց Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանել չեմ կարող, ես Փաշինյանի և իր թիմակիցների հոգեբանական տրավմաների մասին եզրակացություն անել չեմ կարող: Այս մասին, այսօր ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ինչ կարելի է ասել այս գործի մասին՝ Մամիկոն Ասլանյանն արել է «աններելի» մի բան՝ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին ու դրա համար իրեն պատժել են 2.7 տարվա ազատազրկմամբ որպես քաղբանտարկյալ: Այս պահին, փառք Աստծո, նա ազատ արձակվեց, և տարոսն էլ բոլոր քաղբանտարկյալներին, բայց դա ոչինչ չի փոխում։ Նա 2.7 տարի, ժողովրդի ձայնը ստանալու համար, անցկացրել է անազատության մեջ»,-նշեց նա՝ հավելելով, որ ՔՊ-ից ինքն ամեն ինչ էլ սպասում է:
Նշենք, որ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում։