ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Մամիջանյանը պարզաբանել է, թե ինչով էր պայմանավորված այսօր իրենց խմբակցության պատգամավորների մասնակցությունն ԱԺ քվեարկությանը

Մամիջանյանը պարզաբանել է, թե ինչով էր պայմանավորված այսօր իրենց խմբակցության պատգամավորների մասնակցությունն ԱԺ քվեարկությանը

Շուրջ մեկ տարի առաջ, երբ ձևավորվում էր ութերորդ գումարման ԱԺ-ն, մենք բազմիցս նշել ենք, որ պատգամավորական մանդատը մեզ համար հանդիսանում է բացառապես պայքարի գործիք, և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: 

՛՛Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար: Իսկ ՀՀԿ-ն, լինելով առաջամարտիկներից մեկը թե՛ փողոցային, թե՛ պառլամենտական պայքարի ձևաչափերում, բազմիցս ապացուցել է, որ Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են։

Ի համերաշխություն մեր ընդդիմադիր խորհրդարանական գործընկերներին՝ երեկ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ներկա են գտնվել ԱԺ լիագումար նիստերի հայտարարության ժամին:

Իսկ այսօր մեր խմբակցության պատգամավորների մասնակցությունը ԱԺ քվեարկությանը պայմանավորված էր մեկ պարզ տրամաբանությամբ. Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող զարգացումները անխուսափելիորեն հանգրվանելու են Ազգային ժողովում, ինչպես նաև Սահմանադրական դատարանում: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ դեպքում պատգամավորական մանդատը հնարավորություն է տալիս պայքարի հավելյալ ճակատներ ապահովել: Նշեմ, որ մեր որոշման վերաբերյալ մեր բոլոր գործընկերները տեղեկացվել են նախապես։

Խմբակցությունն այսօր իր ամբողջական կազմով չի գտնվել դահլիճում՝ պայմանավորված պատգամավորներից 2-ի գործուղումներով․ Թագուհի Թովմասյանը «Աջակցություն Հայաստանի խորհրդարանին» ծրագրի շրջանակներում գտնվում է Օտտավայում, իսկ ես՝ Բրյուսելում՝ կուսակցական դիվանագիտության խողովակներն ու կապերը ծառայեցնելու ի շահ Հայաստանի և Արցախի՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: