ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը Հայաստանին ու Ադրբեջանին հավասար նժարների վրա չի դրել. 4 բավարարված միջոց ունենք. Եղիշե Կիրակոսյան

ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը Հայաստանին ու Ադրբեջանին հավասար նժարների վրա չի դրել. 4 բավարարված միջոց ունենք. Եղիշե Կիրակոսյան

Ցավում եմ, որ նման արձագանքներ եմ լսում, որովհետև որոշումների միջև հավասարության նշան դնելու փորձերը աբսուրդի են հասնում, իմ կարծիքով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն հայտարարությանը, թե ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը ՀՀ-ին ու Ադրբեջանին հավասար նժարների վրա է դրել․ «Մարդիկ երևի ընդհանրապես ծանոթ չէ, չեն փորձել ծանոթանալ կամ էլ ծանոթ են ու դիտավորյալ խեղաթյուրում են փաստերը։ Ո՞րն է ավելի վատ՝ չգիտեմ»։

Կիրակոսյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում Ադրբեջանը ուղղակի հայելային արձագանք տվեց ՀՀ-ի գործողություններին և փորձեցին ռասսայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի շրջանակ բերել հարցեր, որոնք կապ չունեն այդ կոնվենցիայի հետ։ Հայկական կողմի փաստարկների շնորհիվ՝ դրանց մեծ մասը ի չիք դարձան։

«Ցավում եմ, որբ փորձ է արվում աչք փակել Հայաստանի համար շահեկան միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշմանը և դա կրկին նպաստում է ադրբեջանական թեզին։ Դա դատապարտելի է»,-նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Կիրակոսյանը նշեց, որ օրենքի նախագծի հետ կապված հարցեր չկային։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը արձագանքեց․ «Այստեղ հիմնականում օրենքների հետ կապված հարցեր չեն քննարկվում։ Հիմնականում՝ փոխադարձ մեղադրանքներ և թուրք ագենտների բացահայտման հարթակ է սա, պարոն Կիրակոսյան։ Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը»։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնը այսուհետ կկոչվի միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:

Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կիրակոսյանը նշեց, որ օրենքի շուրջ երկու տարվա գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշակի բարդություններ և խնդիրներ, որոնց լուծումից ուղղակիորեն կախված է ոչ միայն Եվրոպական դատարանում, այլև միջազգային այլ ատյաններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության որակը, ինչպես նաև Ներկայացուցչի՝ իր լիազորությունների առավել ամբողջական, պատշաճ և անկաշկանդ իրականացնելու հնարավորությունը:

«Փոփոխվում են պաշտոնի անվանումը և օրենքի վերնագիրը, համապատասխանաբար, համակարգային առումով փոփոխություն է գնում՝ տալով այնպիսի ձևակերպում, որն իր մեջ կներառի բոլոր ատյաններում ներկայացուցչության փաստը, այս պահին ընտրված ձևակերպումը՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ:

Նաև օրենսդրորեն հստակ ամրագրվում են ներկայացուցչի լիազորությունները՝ ՀՀ շահերը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում հաշտարարության գործընթացներում ներկայացնելիս, ինչպես նաև միջազգային արբիտրաժային վճիռների և որոշումների, օտարերկրյա դատարանների կամ վճիռների, կամ որոշումների բողոքարկման, ճանաչման և կատարման փուլերում»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

  • Կիսվել: