շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դեռ պատրաստ չէ բանաձև ընդունել․ քաղաքագետը՝ ԱԽ նիստում ծավալված քննարկումների մասին

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դեռ պատրաստ չէ բանաձև ընդունել․ քաղաքագետը՝ ԱԽ նիստում ծավալված քննարկումների մասին

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի դիտարկմամբ՝ թեև Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ արդեն կա ընդհանուր պատկերացում և քաղաքական ու տեղեկատվական ճնշումը պաշտոնական Բաքվի վրա հետզհետե մեծանում է, այդուհանդերձ, դա դեռ քիչ է, որպեսզի Ադրբեջանն իր գործելակերպը փոխի։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում Միքայելյանը նշեց, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը պարզապես փորձում է արդարանալ, ինչն ակնառու երևաց միջազգային ամենաբարձր ատյանում կազմակերպված քննարկման ժամանակ։  

Նյու Յորքում երեկ կայացավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստը, որի ընթացքում համապատասխան հայտարարություններով հանդես եկան մի շարք երկրների ու ԱԽ մշտական անդամ հանդիսացող պետությունների ներկայացուցիչները՝ արձանագրելով Լաչինի միջանցքի փակ լինելու և Լեռնային Ղարաբաղում օրըստօրե խորացող ճգնաժամի հանգամանքը։

«Կարելի էր սպասել, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում միասնական կարծիք չի ձևավորվի։ Ի սկզբանե պարզ էր, որ Թուրքիան և Ադրբեջանը ցուցաբերելու էին ապակառուցողական մոտեցում՝ արդարացնելով իրենց ցեղասպան քաղաքականությունը, իսկ որոշ երկրներ այդ ֆոնին ցուցաբերեցին չեզոք դիրքորոշում։ Քննարկումների արդյունքում հարցն այդպես է չհասավ քվեարկության կամ բանաձևի ընդունման»,- ասաց քաղաքագետը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի կողմից ներկայացված հայտն ու քննարկում կազմակերպելու պահանջն ամեն դեպքում տեղին էր, թեև հայկական կողմը դա կարող էր անել շատ ավելի վաղ և ավելի սերտորեն աշխատեր առանձին երկրների հետ, որպեսզի բացառվեին, օրինակ, Ալբանիայի կողմից հնչած ոչ օբյեկտիվ հայտարարությունները, որոնք նույնական են Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների հետ։

Միքայելյանը պնդում է, որ հայկական կողմն, անշուշտ, ունեցել է որոշակի ներուժ, հետևաբար թուրք-ադրբեջանական տանդեմը տքնաջան աշխատել էր՝ օգտագործելով դիվանագիտական ու քաղաքական բոլոր ռեսուրսները, որպեսզի առավելագույն չափով չեզոքացվեին իրենց համար անբարենպաստ դիրքորոշումները։ Այդուհանդերձ, ՄԱԿ-ում կայացած քննարկումն, ըստ մեր զրուցակցի, շատ կարևոր էր և պետք է տեղի ունենա նաև ապագայում։  

Անդրադառնալով քաղաքական բարձրագույն ատյանում միջազգային հանրության կողմից կատարված երկու կարևոր արձանագրումներին, որ Լաչինի միջանցքը մնում է փակ և հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում օրըստօրե վատթարանում է՝  քաղաքագետն ընդգծեց, որ ԱԽ նիստն, անշուշտ, նպաստել է տեղեկատվության աստիճանի բարձրացմանը, և հիմա միջազգային հանրությունը հանգամանորեն իրազեկված է ԼՂ-ում ու նրա շուրջ տիրող իրավիճակի մասին։

«Այդուհանդերձ, երեկվա նիստը ցույց տվեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դեռ պատրաստ չէ բանաձև ընդունել, հետևաբար հայկական կողմն ահռելի անելիքներ ունի՝  գործընկերների հետ ավելի արդյունավետորեն աշխատելու առումով։ Պետք չէ ակնկալել, որ երկրներն իրենց կամքով կգնահատեն իրավիճակն ու կանեն դրանից բխող քայլեր։ Անհրաժեշտ է հատկապես խոշոր տերություններին համոզել անվիճելի փաստարկներով, որպեսզի վերջնարդյունքում քվեարկեն հավուր պատշաճի։ Հայկական կողմը պետք է մեկտեղի դիվանագիտական ջանքերը՝ ապավինելով նաև սփյուռքի ռեսուրսներին»,- եզրափակեց քաղաքագետը։     

  • Կիսվել: