Լուկաշենկոն մոռացել է ՀԱՊԿ-ի պայմանագրում ավելացնել, որ եթե հարձակվող երկրի ղեկավարն իրենց մարդն է լինում, ՀԱՊԿ-ը կարող է չգործել. Խաչատրյան
Այսօր ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ՔՊ համագումարը դռնփակ անցկացնելու եւ ԶԼՄ-ներին ներս չթողնելու որոշումը:
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Սա համագումար է եւ քննարկվելու են կուսակցական հարցեր: Բացի այդ, այսօր ՔՊ կուսակցության վարչության անդամների ընտրություն է տեղի ունենալու, փակ, գաղտնի քվեարկություն է լինելու եւ մի շարք հարցեր պետք չեն, որ լուսաբանվեն: Կլուսաբանվեն այնքան, ինչքան անհրաժեշտ է: Աշխատանքային պրոցեսները պետք չի, որ լուսաբանվեն: Դուրս կգան, ձեզ տեղեկատվություն կտրամադրվեն՛՛:
Խաչատրյանը պատասխանեց լրագրողների նաեւ այլ հարցերի, մասնավորապես՝ խաղաղության պայմանագրի ո՞ր տարբերակին է հակված հայկական կողմը՝ արեւմտյա՞ն, թե՞ ռուսական:
Այս առնչությամբ նա ասաց. ՛՛ՀՀ-ի համար չկան արեւմտյան եւ ռուսական տարբերակներ եւ հակվածություն: Որեւէ մեկի կողմը մենք հակված չենք: Մենք հակված ենք միայն ՀՀ-ի կողմը ու պաշտպանում ենք միայն մեր շահը: Հիմա ո՛ր երկրները՝ Արեւմուտքը, Արեւելքը կարող են ավելի լավ պաշտպանել, դա արդեն կերեւա: Բայց այն, որ ՀՀ-ն աշխատում է բոլոր երկրների հետ, բոլոր բեւեռների հետ, որովհետեւ այլ ելք մենք չունենք, որեւէ կանխավ դիրքորոշումներ չկան ու չեն կարող լինել՛՛:
Անդրադառնալով ՀԱՊԿ հավաքական անվտանգության արտահերթ նիստին Լուկաշենկոյի գնահատականներին՝ Արմեն Խաչատրյանն ասաց. ՛՛Լուկաշենկոն մի պահ մոռացել է, որ ինքը ՀԱՊԿ անդամ երկրի ղեկավար է, եւ ինքն այնտեղ հանդես է գալիս որպես ՀԱՊԿ անդամ պետություն, որը ստորագրել է որոշակի պարտավորություններ՝ որոշակի իրավիճակների դեպքում: Ուղղակի Լուկաշենկոն մոռացել է մի բառ էլ ավելացնել, կամ ՀԱՊԿ-ի պայմանագրում ավելացնել, որ եթե հարձակվողը, օկուպացիոն երկրի ղեկավարն իրենց մարդն է լինում, ՀԱՊԿ-ը կարող է չգործել: Լուկաշենկոյի ասածը դա էր, ուղղակի այդ կետը չկա պայմանագրի մեջ, խորհուրդ եմ տալիս Լուկաշենկոյին առաջարկություն անել, ընդունենք՛՛:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, ասել էր. ՛՛Ինչո՞ւ եք կռվում այդ լեռներում, ուր անգամ այծերը չեն գնում՛՛: Նա նաև ՀՀ վարչապետին խորհուրդ էր տվել Ադրբեջանի նախագահի հետ նստել, միասին որոշում կայացնել, ըստ Լուկաշենկոյի՝ եթե այսօր որոշում չկայացվի, վաղը ՛՛ավելի վատ կլինի՛՛: