ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լճացման փուլ է,  տեղաշարժեր կարճաժամկետ հեռանկարում չեն ակնկալվում․ իրավապաշտպանը՝ գերիների վերադարձի հնարավորությունների մասին

Լճացման փուլ է, տեղաշարժեր կարճաժամկետ հեռանկարում չեն ակնկալվում․ իրավապաշտպանը՝ գերիների վերադարձի հնարավորությունների մասին

«Ընդհանուր առմամբ ստագնացիոն՝ լճացման փուլ է, ակտիվ գործընթացներ տեղի չեն ունենում»,- Zarkerak.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը գերիների վերադարձի հետ կապված գործընթացների այժմյան փուլն այսպես է նկարագրում։

Իրավապաշտպանը նկատում է՝ «նաև ամառային ժամանակահատված է, տեղաշարժեր կարճաժամկետ հեռանկարում  չեն ակնկալվում»։

Սիրանուշ Սահակյանը նշում է, որ ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպումից հետո գերիների վերադարձի սպասումը իրականում հիմնավոր էր․ «Հաշվի առնելով, որ նախկինում էլ  գերիների վերադարձը պայմանավորված է եղել միջնորդ պետությունների կամ կառույցների մասնակցությամբ, հանդիպումներով։ Չմոռանանք, որ հիմա կան մրցակցող  խաղացողներ, գերիների հայրենիք վերադարձնելու դերի համար  կա պայքար և վերադիրքավորում»։

Մեր զրուցակցի համոզմամբ,  տարածաշրջանային և միջազգային խաղացողների միջև իշխանության գոտիների համար պայքարում և դրա հետևանքով առաջացած մրցակցության պայմաններում օգտվում է Ադրբեջանը․ «Հնարավոր է  լինեն բարձր մակարդակի հանդիպումներ,  բայց այդ հանդիպումներն արդյունքներ չտան, որովհետև  դարձյալ մրցակցություն գոյություն  ունի և մենք չգիտենք՝  վերջնարդյունքում, որ պետությունը կամ կառույցը կկարողանա ամրապնդել իր  դիրքերը և ազդեցությունը Հարավային Կովկասում»։  

Սիրանուշ Սահակյանը նշում է, որ Ադրբեջանում պահվող գերիների թիվն այս պահին Ադրբեջանի կողմից հաստատված տվյալներով` 38-ն է: Իսկ գերիների թիվը, որն Ադրբեջանը մինչ օրս չի հաստատում պաշտոնապես՝ 80-ն է։ 

Ադրբեջանում պահվող անձանց հարցն ինքնին խնդրահարույց է, և առավել մտահոգիչ են այն դեպքերը, երբ անձինք Ադրբեջանի կողմից հաստատված գերիների ցանկում  չեն՝  ներառված են պահվող անձանց ոչ պաշտոնական, Ադրբեջանի կողմից չհաստատված ցանկում:

Zarkerak.am-ն արդեն իսկ հայտնել էր, որ գերիների Ադրբեջանի կողմից չհաստատված ցանկում երկու կին կա։ Հետաքրքրվեցինք՝ նրանցից որևէ տեղեկություններ հնարավոր է եղել ձեռք բերել․ «Ոչ։ Նրանք  բռնի անհետացածներ են, որոնց գտնվելու վայրը և ճակատագիրը անհայտ է։ Մինչև քննություն տեղի չունենա,  դժվար է բացահայտել և պարզել, թե ինչ է կատարվել նրանց  հետ։ Մեկուկես տարվա չհաստատումը և  մերժողականությունն իր մեջ կամայականության ռիսկեր է պարունակում։ Եվ մենք չգիտենք՝ իրականում ինչ կարող  է պատահած լինել այդ անձանց հետ»։

Այժմ, երբ կանանց իրավունքների  պաշտպանությունը միջազգային հանրության և կառույցների օրակարգում է, արդյո՞ք հնարավոր չէ նրանց ուշադրությունը սևեռել ադրբեջանում բռնի պահվող և անհայտ ճակատագրով կանանց խնդրին․ «Նման աշխատանքի անհրաժեշտությունը կա, ուղղակի ադրբեջանական  ընդհանուր գիծն է մերժողական։  Ադրբեջանը շարունակաբար հերքում է 80 գերիների փաստը, այդ թվում՝ կանանց։ Քանի դեռ այս մերժողական քաղաքականության պատճառները հասկացված չեն,  և անհրաժեշտ ճնշումը  բանեցված չէ, Ադրբեջանը չի փոխի իր ժխտողականության գիծը  և մարդու իրավունքների կամ մարդասիրական նկատառումներից ելնելով  հաստատումներ չի տա կամ չի հայտնի  ճշմարտությունը»։

Իրավապաշտպանը հիշեցնում է՝ մենք անբարեխիղճ «գործընկերոջ» հետ ենք առնչվում , և քանի դեռ լուրջ ճնշում գործադրված  չէ, չկան ստեղծված սպառնալիքներ այդ երկրի և  դրա քաղաքացիների համար, Ադրբեջանը չի կատարելու իր պարտավորությունները․ «Իսկ կանանց իրավունքներով զբաղվող կառույցներն ունեն հիմնականում փափուկ լծակներ, բայց չեմ կարծում, որ նրանք ևս հետաքրքրված են այդ միջադեպերը համալիր քննության առարկա դարձնելու և Ադրբեջանի իշխանությունների հետ աշխատելու գործում»։

Օրեր առաջ՝ հունիսի 27-ին, հայտնի դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում պահվող հայերին։ Սիրանուշ Սահակյանին խնդրեցինք գնահատել նաև Կամիր խաչի այցելությունների ինտենսիվությունը․ «Կարմիր խաչին, բնականաբար, ամենշաբաթյա կտրվածքով չէ, որ հաջողվում է այցելել։ Այցերը կարող են տատանվել երկու շաբաթից մինչև երկու ամիս, բնականաբար,  մենք ապահովագրված չենք  անմարդկային վերաբերմունքի դրսևորումներից, բայց կանոնավոր այցելությունները որոշակի ապահովություն են ստեղծում  ռազմագերիների համար՝ առնվազն կյանքի տեսանկյունից»,- իրավապաշտպանը կարևորում է պահվող անձանց այցելելու ինտեսիվության հարցը, քանի որ դրանք կարող են վեր հանել խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերը։

«Ինչ վերաբերում է վերաբերմունքին, դրանք քննարկվում են, փաստերը ուսումնասիրվում են և համապատասխան փաստերի և ապացույցների առկայության դեպքում  մենք ահազանգելու ենք միջազգային կառույցներին, և նաև ՄԻԵԴ-ին՝  կոնկրետ  գործի առնչությամբ։ Բայց  դրանց մենք անդրադառնում ենք ավելի ուշ փուլերում, երբ  հայրենադարձում է տեղի ունենում և անմիջական զրույցների ընթացքում կարողանում ենք վեր հանել  եղելությունը»,- նշում է Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ նաև անհետ կորածների խնդրին․ «Դարձյալ փոփոխություն չկա։  Մեր վստահորդների մասով մենք չունենք նոր դեպքեր,  երբ օրինակ  կա ԴՆԹ համընկնում,  կամ դի է վերադարձվում։ Ադրբեջանիցների գործելակերպը նույնական է, ուղղակի սպասում ենք  դատական գործընթացներին, որոնք հատկապես անհետ կորածների պարագայում շատ արագ չեն լինելու»,- ամփոփում է իրավապաշտպանը։

  • Կիսվել: