կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լսի՛ Նիկոլ, պարկեշտության սահմանները մի՛ անցիր. Օնիկ Գասպարյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Լսի՛ Նիկոլ, պարկեշտության սահմանները մի՛ անցիր. Օնիկ Գասպարյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատասխանել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին առ այն, որ Գասպարյանը նոյեմբերի 9-ին հորդորել է  իրեն ստորագրել եռակողմ հայտարարության առաջնային տարբերակը, որտեղ խոսք կար «Մեղրիի միջանցքի» և «Ղազախի գյուղերի վերադարձի» մասին, սակայն Փաշինյանը չի համաձայնել։

Հայտարարության մեջ, որը Գասպարյանը փոխանցել է armlur.am-ին, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ՝  ի պատասխան ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հայտարարությունների, ստիպված եմ արձագանքել.

պատասխանատվությունից երբեք չեմ խուսափել, իմ զինակից ընկերների եւ ենթակաների թիկունքում չեմ թաքնվել եւ պատրաստ եմ պատասխան տալ իմ ողջ գործունեության համար։ Համոզված եմ, որ իշխանափոխությունից հետո անցկացվելու է օբյեկտիվ քննություն եւ յուրաքանչյուր պաշտոնատար անձ ստանալու է իր արժանին։

Լսիր նիկոլ՝  պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես եւ պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։

Ի դեպ՝  բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում  (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։

Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝  քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի եւ հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու եւ մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։

Նաեւ նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել եւ հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաեւ քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ եւ ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց։

Ամեն դեպքում նիկոլ, ես շնորհակալ եմ, որ Քենեդու սպանության մեջ ինձ դեռ չես մեղադրում….»։

Նշենք, Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ելույթում հայտարարել էր հետևյալը․

«Ես չեմ ուզում թաքցնել, նոյեմբերին այդ թեման էլ է եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ է եղել։ Մեր ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ասում էր՝ ստորագրի էդ թուղթն էդ վիճակում, ես ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի, եւ այդ պահին մարդիկ են եղել ներկա, մի հոգի չէ, երկու հոգի չէ: Սա է իրականությունը:

Այն ժամանակ, երբ դուք թողել եք, որ այս հարցերը հայտնվեն բանակցային սեղանին եւ բաց եք թողել խաղաղության ամենակարեւոր բանաձեւը... Իսկ խաղաղության բանաձեւը պետք է լիներ հետեւյալը՝ երկիրը պետք է զարգանար»։

 

  • Կիսվել: