չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Լրագրողները և իրավապաշտպաններն ավելի պաշտպանված են ավտորիտար ռեժիմներում, քան՝ ժողովրդավարականում. Սիրանուշ Սահակյան

Լրագրողները և իրավապաշտպաններն ավելի պաշտպանված են ավտորիտար ռեժիմներում, քան՝ ժողովրդավարականում. Սիրանուշ Սահակյան

«Լրագրողները և իրավապաշտպաններն ավելի պաշտպանված են ավտորիտար ռեժիմներում, քան՝ ժողովրդավարականում»,-Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա բացատրեց որ ժողովրդավարական ռեժիմներում կան գրաքննության պաշտպանության մեխանիզմենր և շատ հիմնահարցեր քողարկվում են ժողովրդավարական համատեքստում։

Իրավապաշտպանը նշեց, որ այսօր Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների իրավունքներն էլ խախտվում են իրեն ազգային պատկանելիության համար։ 

«Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների ընտանիքների բազմաթիվ անդամներ, չնայած սպառնալիքներին և անվտանգային խնդիրներին, պատրաստ են մեկնել Բաքու և տեսակցել իրենց հարազատին, սակայն հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում սա անհնար է կազմակերպել առանց պետական մակարդակում երկխոսության և երաշխիքների։

Նա բացատրեց, որ խոսքը գնում է վիզաների ստացման և անվտանգ սահմանահատման գործընթացներին։

«Եթե չլինի պետական աջակցությունը, ինքնուրույն միջոցներով ընտանիքների անդամները չեն կարող գտնվել Բաքվում»,- ասաց Սահակյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ խնդրի մասին հրապարակային բարձրաձայնվել է, սակայն դրական պատասխան դեռ չկա՝ որպես համեմատություն մատնանշելով Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակությունների ներկայացուցիչների փոխայցելությունները, երբ պետական մակարդակում երկխոսությունը հնարավոր է դարձրել դա։

«Կարծում ենք՝ այս մոդելը պետք է գործարկվի նաև ընտանիքների իրավունքների իրացումն ապահովելու համար։ Արձագանք չկա, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մեզ համար շատ կարևոր է տեսնել հենց ՀՀ իշխանությունների արձագանքը»,-ասաց Սահակյանը։

նա հիշեցրեց, որ սահմանափակված է նաև անկախ փաստաբանների հասանելիությունը, որևէ օտարերկրյա փաստաբան հնարավորություն չի ունեցել կապի որևէ միջոցով առ այսօր իր գործը քննարկել Բաքվում պահվող պատանդների հետ, նրանք ևս զրկված են եղել այցելություն ունենալու հնարավորությունից։

«ՀՀ-ն իր քաղաքացիներին միայնակ է թողել օտարերկրյա պետության փակ հաստատությունում, ընդ որում՝ մի պետության, որտեղ ձևավորվել է հայատյացություն, խտրականության պետական քաղաքականություն` չիրականացնելով հյուպատոսական այցելության իրավունքը։ Սա ոչ թե մի ինստիտուտ է, որը ենթադրում է բանակցություն, պայմանավորվածություն, այլ ՀՀ-ի համար երաշխավորված իրավունք է՝ տեսակցել իր քաղաքացիներին և այդ շրջանակում տրամադրել հյուպատոսական աջակցություն»,- նշեց Սահակյանը։

  • Կիսվել: