շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լոկդաունի կարիք չկա. Արսեն Թորոսյանը վստահում է «Սպուտնիկ V»–ին

Լոկդաունի կարիք չկա. Արսեն Թորոսյանը վստահում է «Սպուտնիկ V»–ին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ Հայաստանում լոկդաուն չի սպասվում։

«2020-ի մայիսին մենք արդեն որոշել ենք, որ պետք է շարունակենք բնականոն կյանքը` կանոնները պահպանելով։ Նույնն այսօր է, համաճարակային սրում կա, բայց մենք չենք կարող կանգնեցնել կյանքը», – նշեց նա։

Այդ համատեքստում էլ կանցնեն նախընտրական քարոզարշավներն ու ընտրությունները։

«Ժողովրդի կողմից իշխանության ձևավորումը բնականոն կյանքի բաղադրիչ է, և այդ իրավունքը մենք պետք է պաշտպանենք», – ասաց նա։

ՀՀ առողջապահության նախկին նախարարը իր փորձով վստահում է «Սպուտնիկ V» պատվաստանյութին, քանի որ պատվաստվել է և դրանից հետո չի վարակվել։

«Ես առաջին մարդն եմ, որ Հայաստանում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ նախորդ տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։ Դրանից հետո իմ ընտանիքի անդամները վարակվել են, ես` ոչ», – ասաց նա։

Նրա խոսքով` որքան էլ բյուջեի համար հարված լինի պատվաստանյութերի ձեռքբերումը, դա առաջնայնություն է Հայաստանի համար։

«Վերջերս ձեռք ենք բերել 24 հազար «AstraZeneca», 15 հազար «Սպուտնիկ V»։ Վերջինի մեկ դոզան մենք գնում ենք 11 դոլարով», – ասաց նա։

Թորոսյանի խոսքով` ամենահասանելին «Սպուտնիկ V» պատվաստանյութն է, և ծրագրվում է հարյուրհազարավոր դեղաչափեր գնել։ Սակայն անգամ եթե ամբողջ Հայաստանը պատվաստվի, կորոնավիրուսը երկրում չի վերանա. նախ` պատվաստանյութերը արտադրված չեն երեխաների համար, երկրորդ` մշտապես կա այլ երկրների հետ անցուդարձ։

  • Կիսվել: