Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որոնք ԵԱՀԿ կողմից բնորոշվել են որպես «մրցակցային և լավ կազմակերպված»: Այս մասին հայտնում է Կառավարությունը:
Գիտանաս Նաուսեդան նշել է Հայաստանի ազգային անվտանգության և ինքնիշխանության պահպանման կարևորությունը և քաղաքական ուժերի միջև, հասարակության ներսում տարաձայնությունների հաղթահարման անհրաժեշտությունը ի շահ պետության: Նա կարևորել է բարեփոխումների իրականացումը և այդ համատեքստում Հայաստան-Եվրամիություն արդյունավետ համագործակցությունը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը: Լիտվայի նախագահն ընդգծել է, որ առաջիկա աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ հետամուտ է լինելու «Արևելյան գործընկերության» քաղաքականության հավակնոտ քաղաքական օրակարգին: