ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լիտվայի նախագահը խոստացել է աջակցել Արցախում հայկական ժառանգության պահպանմանը. Վահագն Խաչատուրյան

Լիտվայի նախագահը խոստացել է աջակցել Արցախում հայկական ժառանգության պահպանմանը. Վահագն Խաչատուրյան

Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ զրույցում խոստացել է ամեն կերպ աջակցել՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը:  

Երևանում հանդիպումից հետո նախագահները լրատվամիջոցների համար հանդես եկան հայտարարությամբ՝ ամփոփելով իրենց քննարկման արդյունքները:

Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ երկրների միջև բարձրաստիճան այցերը վկայում են դարերի խորքից եկող ամուր կապերի և նույնական արժեհամակարգի վրա խարսխված հարաբերությունների շարունակականության, ինչպես նաև երկկողմ համագործակցությունն առավել ընդհանուր ընդլայնելու վճռականության մասին:

Նախագահները հանդիպմանը հանգամանալից քննարկել են հայ-լիտվական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ:

«Վերահաստատվեց միջպետական հարաբերությունները խորացնելու երկուստեք պատրաստակամությունը: Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Այդ համատեքստում քննարկվեցին արդյունաբերության, ՏՏ-ի, վերականգնողական էներգիայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարները»,- ասաց Խաչատուրյանը:

Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը: «Լիտվայի և Հայաստանի ջանքերն այս հարցում նույնական են: Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող  հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը: Նախագահ Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը»,-ասաց ՀՀ նախագահը:

Այս համատեքստում կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության այցը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում:

Նախագահները քննարկմանն անդրադարձ են կատարել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին և դրա շրջանակներում իրականացվող ծրագրերին:

  • Կիսվել: