շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լիահույս ենք, որ Իսրայելի իրավապահ համակարգն այլևս չի թույլատրի միջադեպ Պատրիարքարանի նկատմամբ․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Լիահույս ենք, որ Իսրայելի իրավապահ համակարգն այլևս չի թույլատրի միջադեպ Պատրիարքարանի նկատմամբ․ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ

Երեկվա դեպքերից հետո Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կապի մեջ է Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և խորապես անհանգստացած է։

Այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից՝ անդրադառնալով Երուսաղեմի հայկական թաղամասում տասնյակ իսրայելցիների կողմից տեղի հայերի վրա հարձակման միջադեպին։

Գրասենյակը մտահոգված է նաև ինչպես վերջին ամիսներին, այնպես էլ վերջին տարիներին` «Կովերի պարտեզ»-ի վերաբերյալ Պատրիարքարանի կողմից պայմանագրի ստորագրման կապակցությամբ, որի վերաբերյալ ինչպես հանրությունը, այնպես էլ գրասենյակը տեղեկացվել է իրողությունից հետո։

«Պետք է նշել, որ գրասենյակը որքան էլ անհանգստացած է տիրող իրավիճակով, այնուամենայնիվ  չունի որևէ ազդման լիազորություն, քանի որ հարցը գտնվում է բացառապես իրավական դաշտում, որտեղ պայմանագրի ստորագրող կողմերը պետք է դատական կարգով հասնեն հանգուցալուծման»,- նշեցին գրասենյակից և լիահույս են, որ հրեական իրավապահ համակարգն այլևս չի թույլատրի նման հարձակումներ Պատրիարքարանի ուղղությամբ, և Պատրիարքարանի տարածքը կմնա հայկական։

Հարցի վերաբերյալ էլ ՀՀ ԱԳՆ-ից Tert.am-ին պատասխանեցին, որ հանրային անդրադարձ լինելու դեպքում կտեղեկացնեն։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել Երուսաղեմի հայկական թաղամասում տասնյակ իսրայելցիների կողմից տեղի հայերի վրա հարձակման վերաբերյալ:

Տեսանյութում երևում է, որ 30 իսրայելցի ներխուժում են Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածք՝ հարձակվելով քահանաների, բնակիչների և հավատացյալների վրա:

Սադրիչ գործողություններից հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանա, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ են ստացել։ Ներխուժումից հետո ոստիկանություն են տարվել 6 սադրիչների և հայ համայնքից երկու երիտասարդների։

Նշենք նաև, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Երուսաղեմում զանգվածային և համակարգված ֆիզիկական հարձակում է իրականացվել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ անդամների վրա:

  • Կիսվել: