ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԼՀԿ-ն ընտրական ցուցակի կազմումը թողել են համագումարից հետո․ Մարուքյան

ԼՀԿ-ն ընտրական ցուցակի կազմումը թողել են համագումարից հետո․ Մարուքյան

ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը կուսակցության համագումարում հայտարարեց, որ ընտրական ցուցակների կազմումը թողել են համագումարից հետո, որ ցանկացած առողջ ուժ՝ ցանկության դեպքում, կարողանա գալ, միանալ, անդամագրվել:

«Անակնկալն այն է լինելու, որ ոչ մի անակնկալ չի լինելու, ԼՀԿ-ն մնալու է նույնը՝ այն, ինչ կա: Ցուցակում կլինեն, իհարկե, նոր անուններ, մեր թիմին նոր մարդիկ են միացել, բայց նրանք հայտնի դեմքեր չեն, նախկին պաշտոնյաներ չեն»,- ասաց նա։

Անդրադառնալով սոցիոլագիական հարցումներ արդյունքներին, ըստ որոնց՝ կուսակցությունը չի լինի նորընտիր խորհրդարանում՝ Մարուքյանն ասաց, որ ֆավորիտների մասին կարծիքները փողով են ձևավորվում, մինչդեռ, ըստ նրա, ժողովուրդը տեղամասերում կորոշի՝ ով է ֆավորիտը: 

«2012-ին կանխատեսում էին, որ 6 հազար ձայն կհավաքեմ, ընտրվեցի 12 հազար ձայնով, 2017-ին կանխատեսում էին, որ «Ելք» դաշինքը չի անցնի խորհրդարան, անցավ, 2018-ին կանխատեսում էին, որ ԼՀԿ-ն մանդատ չի ստանա, քանի որ չէր մասնակցել հեղափոխությանը, բայց ստացավ 18 մանդատ: 

Որոշ ԶԼՄ-ներ արդեն մեկ տարի է ինձ համար փակ են պահում իրենց դռները, բայց համախմբման կոչ են անում: Այդ մարդիկ դեռ իշխանություն չունեն, մի թիվի ունեն ընդամենը, բայց փակել են ընդդիմության ներկայացուցիչներից մեկի համար եթերը, բա որ իշխանություն ունենան, ի՞նչ կանեն»,- ասաց նա:

Կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններում հանդես է գալու «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով:

 

 

  • Կիսվել: