ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՀԿ-ն կառավարությանը հորդորում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

ԼՀԿ-ն կառավարությանը հորդորում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության հայտարարությունը, որով հորդորում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով՞

Հայտարարությունը՝ ստորև.
 
՛՛Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12֊ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից,
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները,
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է բռնազավթված պահել
Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը, այլ նաև հրահրում զինված բախում, որի արդյունքում այսօր՝ մայիսի 25֊ին, սպանվել և վիրավորվել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողներ,
 
Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 34-րդ հոդվածի վրա, համաձայն որի` ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդն իրավասու է հետաքննել ցանկացած վեճ կամ իրավիճակ, որը կարող է հանգեցնել միջազգային լարվածության կամ վեճի, որոշելու համար, թե կարող է արդյոք տվյալ վեճի կամ իրավիճակի շարունակվելը վտանգում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը,
 
Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության 35-րդ հոդվածի 1-ին մասի վրա, համաձայն որի` Կազմակերպության ցանկացած անդամ կարող է Անվտանգության խորհրդին կամ Գլխավոր ասամբլեային տեղյակ պահել 34-րդ հոդվածում նշված բնույթի ցանկացած վեճի կամ իրավիճակի մասին,
 
Հիմնվելով ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլխի և մասնավորապես՝ 39-րդ հոդվածի վրա, համաձայն որի` Անվտանգության խորհուրդը որոշում է խաղաղության ցանկացած վտանգման, խաղաղության խախտման կամ ագրեսիայի ակտի առկայությունը և հանձնարարականներ ներկայացնում կամ վճռում, թե համաձայն 41-րդ և 42-րդ հոդվածների` ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման կամ վերականգնման համար`
 
Հորդորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս Արտաքին գործերի նախարարության, անհապաղ դիմել ՄԱԿ֊ի Անվտանգության խորհուրդ` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։
Սույն հայտարարությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար։
 
Լուսավոր Հայաստան կուսակցություն
 
25.05.2021թ.
 
ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն՛՛:

  • Կիսվել: