երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից է. Փաշինյանն արձագանքել է Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը

ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեր առանցքային նպատակներից է. Փաշինյանն արձագանքել է Արցախի ԱԺ խմբակցությունների հայտարարությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի խորհրդարանական խմբակցությունների այն հայտարարությանը, որով Հայաստանի իշխանություններից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Վարչապետը թեմային անդրադարձավ մարտի 14-ի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով  հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ստեփանակերտից հնչած հայտարարությունը և կա արդյոք որևէ փաստաթուղթ կամ քննարկումներ, որով Հայաստանը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը:

«Մենք ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար չափազանց կարևոր է, դա մեր առանցքային նպատակներից մեկն է: Մեր ընկալումը հետևյալն է, որ ճիշտ կլինի, որ այդ հարցի հետապնդողը, առաջնային մանդատառուն, ինչպես և կա իրականում, լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այս դիրքորոշման համար կան և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Մենք կարծում ենք, որ այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ պրոցեսները բերում են եզրակացության, որ այստեղ էլ առանց միջազգային մեխանիզմների և երաշխիքների առաջ գնալ հնարավոր չի լինի: Վարչապետը հղում արեց հրապարակային օրինակների վրա: «Մյունխենում Ադրբեջանի նախագահը ինքն ասաց, որ կա պայմանավորվածություն, խոսքը միջազգային պայմանավորվածության մասին է, որ պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների հարցը: Սա ինքն է հայտարարել, որից հետո տեղի են ունեցել հանդիպումներ Լեռնային Ղարաբաղում խաղաղպաահ ուժերի կենտրոնակայանում: Այդ հանդիպումներից հետո հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանն առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց: Տեսանք, թե ինչպես ընդամենը մեկ ամսվա ընթացքում բառամթերքը փոխվեց: Խնդիրը բառամթերքը չէ, խնդիրը բովանդակությունն է, խնդիրը պայմանավորվածությունն է և դրանք շարունակաբար չպահպանելու՝ Ադրբեջանի գործելակերպն է:

Փաշինյանի խոսքով՝ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության շրջանակը ԼՂ ժողովուրդը և կառավարությունը պետք է որոշեն:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի համար անընդունելի է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը քննարկելու համար միջազգային մեխանիզմի ստեղծումը՝ վարչապետը նշեց, որ դա ևս մեկ պայմանավորվածություն է, որը Ադրբեջանի կողմից հերքվում է:

 

  • Կիսվել: