երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հարցն իրականում քաղաքական է․ Լևոն Զուրաբյանը` նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածության մասին

Հարցն իրականում քաղաքական է․ Լևոն Զուրաբյանը` նախագահի պաշտոնում Վահագն Խաչատուրյանի թեկնածության մասին

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնում  թեկնածության առաջադրմանը՝ ընդգծելով, որ հարցը քաղաքական է։

«Վահագն Խաչատրյանի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում գնահատելու համար անհրաժեշտ է զերծ մնալ նրա անձնական որակների եւ մասնագիտական հմտությունների մասին անպտուղ եւ իրարամերժ խոսակցություններից։

Հարցը իրականում քաղաքական է. մեր քաղաքական եւ սահմանադրական համկարգում այդ նշանակումը որեւէ օգուտ կտա՞ Հայաստանում եւ նրա շուրջ ընթացող գործընթացներին։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «նախագահը պետք է ներդաշնակության մեջ լինի քաղաքական մեծամասնության հետ», իսկ ինքը Վահագն Խաչատրյանն ասել է, որ համարում է իրեն Փաշինյանի քաղաքական թիմի անդամ։

Այս մարդիկ չեն հասկանում, որ խորհրդարանական համակարգում երկրի նախագահն ունի վերկուսակցական կարգավիճակ, եւ իր գլխավոր գործառույթն է՝ անաչառ արբիտր լինելով կատաղի պայքար մղող քաղաքական ուժերի միջեւ, երաշխավորել սահմանադրության անխափան գործողությունը, վեր կանգնել քաղաքական կրքերից եւ առաջին հերթին հենց իշխող քաղաքական ուժին պահել սահմանադրականության շրջանակներում։

Փաշինյանի որոշումը եւ հայտարարությունը փաստորեն նշանակում են, որ նա հեռացնում է զսպանակների եւ հակակշիռների սահմանադրական համակարգի եւս մեկ կարեւոր բաղադրիչ, որը խոչնդոտում է նրա անսահման իշխանությանը։ Փոխարենը նշանակվում է Փաշինյանի բոլոր նախաձեռնությունների հլու֊հնազանդ դակիչ։

Արմեն Սարգսյանը լավ նախագահ չէր, հաճախ մտնում էր անհասկանալի քաղաքական խաղերի մեջ։ Նրա գործողությունները շատ հեռու էին սահմանադրականության պահպանման մոտիվացիայից։ Բայց Փաշինյանի կողմից այդ պաշտոնում իր կամակատարի նշանակումը շատ ավելի վտանգավոր է Հայաստանի համար, եՙւ իշխանության անսանձ կամայականության մեծացման տեսակետից, ե՜ւ քաղաքական հակամարտությունը սրելու պոտենցիալի տեսակետից, ինչպես նաեւ քաղաքական ճգնաժամներ հաղթահարելու տեսակետից, հատկապես այն վիճակներում, երբ երկրում կլինեն քաղաքական լուրջ վերադասավորումներ։

«Ֆակտորի» հարցազրույցում խոսել ենք նաեւ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական ծրագրում առաջ քաշած այն գաղափարի մասին, որ Սյունիքի վրայով կառուցվի Իրանը Վրաստանի եւ Ռուսաստանի հետ կապող «Հյուսիս֊Հարավ» երկաթուղին։ Նիկոլ Փաշինյանը իր վերջին ասուլիսում այդ գաղափարը համարեց «անիմաստ», եւս մեկ անգամ ցույց տալով ստրատեգիական մտածողության իր անկարողությունը»,- գրել է Զուրաբյանը ֆեյսբուքում։

  • Կիսվել: