Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց․ Արա Այվազյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց։ Այս մասին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում Սերգեյ Լովրովի հետ համատեղ ասուլիսում ասաց Արա Այվազյանը։
«Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց։ Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում առաջին հերթին պետք է ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը։ Կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի առավել ամրապնդման և ակտիվացման մեջ»,- ասաց նա։
Արա Այվազյանը հավելեց, որ հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ, առ այն, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը՝ կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա։