հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի՝ նոր առանձնատներ գնելու մասին լուրը սխալ է

Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի՝ նոր առանձնատներ գնելու մասին լուրը սխալ է

Տեղեկություններ են տարածվում, թե «Իմ քայլը» խմբակցության փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանը պատերազմի նախօրեին առանձնատներ են ձեռք բերել, գրում է Fip.am-ը։

Մասնավորապես, Ֆեյսբուքում մեծ տարածում է գտել Ani Ani օգտատիրոջ գրառումը, ըստ որի՝ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը «հիմնադրամի փողերով բնակարան է գնել»։ Հրապարակման մեջ ներկայացվում են նաև լուսանկարներ։

Նոյեմբերի 19-ին Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ևս գրառում էր կատարել՝ մատնանշելով Լենա Նազարյանի կողմից ձեռք բերված բնակարանները. «Լենա Նազարյանն այսօր ավելի մտահոգված է վերջին տարիներին իր երկու ձեռք բերված բնակարանները պահելու, քան հայկական հողերը պահելու խնդրով»։ Գրառումը լրատվամիջոցներն ակտիվորեն տարածել էին։ 

Ներկայացված լուսանկարները, որոնցում պատկերված առանձնատունն իբր թե պատկանում է Լենա Նազարյանին, իրականում տարբեր առանձնատներից լուսանկարներ են։ Դրանք վերցվել են անշարժ գույքի վաճառքով զբաղվող bnakaran.com և best-home.am կայքերից։ Լուսանկարներում պատկերված առանձնատներից մեկը գտնվում է Վահագնի թաղամասում։ Fip.am-ի հետ զրույցում առանձնատան վաճառքով զբաղվող անշարժ գույքի գործակալը նշեց, որ տունը դեռևս վաճառքի է և արժեքը մոտ 1 մլն դոլար է։ Իսկ մյուս առանձնատունը գտնվում է Ավան վարչական շրջանում, և մեզ ասացին, որ այն ևս վաճառված չէ։ 

2019 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ համատեղ սեփականության իրավունքով 2017-ից Լենա Նազարյանը բնակարան ունի Կոտայքի մարզի Առինջ համայնքում, իսկ 2009-ին ժառանգություն է ստացել բնակարան Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանում։

Լենա Նազարյանը Fip.am-ի հետ զրույցում ասաց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք չի գնել։ «Ոչ ես, ոչ ինձ հետ փոխկապակցված անձինք՝ ոչ իմ ամուսինը, ոչ իմ հայրն ու մայրը, ոչ էլ քույրս ու եղբայրս, ոչ մի շարժական ու անշարժ գույք ձեռք չեն բերել։ Ես ունեմ մի բնակարան, որտեղ ապրում եմ, ու ձեռք եմ բերել հիփոթեքային վարկով 2017 թվականին։ Ասեմ նաև, որ բնակարանս առանձնատուն չէ, այլ բազմաբնակարան շենքում բնակարան է Ավանում»,- ասաց նա։ 

Ալեն Սիմոնյանը պնդում է՝ մեկ բնակարան ունի 

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանին, ապա analitik.amnews.ammamul.amauroranews.am լրատվականները, հղում անելով Mediaport տելեգրամյան էջին, գրում են, թե Ազգային ժողովի փոխնախագահը պատերազմի նախօրեին 215,000 ԱՄՆ դոլարով երեք հարկանի առանձնատուն է գնել Ջրվեժի Այգեգործական զանգվածի 2-րդ թաղամասում։ 

«Առանձնատունը Սիմոնյանը գրանցել է իր մոր՝ Մարինե Սերգեյի Հովհաննիսյանի անունով։ Պատերազմի ողջ ընթացքում այնտեղ ընթացել են նորոգման ինտենսիվ աշխատանքներ։ Հավելենք, որ առանձնատնից բացի, այս տարի Ալեն Սիմոնյանը 140 քմ մակերեսով բնակարան է ձեռք բերել Երևանի Եկմալյան 1/1 հասցեում գտնվող նորակառույցում, ինչպես նաև ավտոսրահից գնել է Range Rover մակնիշի նոր ավտոմեքենա»,- նշվում է հրապարկման մեջ։ Ալիքը նաև լրատվամիջոցներին խնդրում է պարզել՝ որտեղի՞ց Փաշինյանի թիմակցին այսքան կարողություն՝ այն էլ 1 տարում։

Ալեն Սիմոնյանը Fip.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ իր ունեցածը մեկ վարկով գնված բնակարան է:

Նշենք, որ դեռ 2019-ի մայիսին Fip.am-ը անդրադարձել էր Ալեն Սիմոնյանի Range Rover մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերման մանրամասներին։ Ըստ Ճանապարհային ոստիկանության, այդ մեքենան նա ձեռք է բերել 2018 թ․ հունիսի 12-ին: Իսկ Երևանի Եկմալյան փող. 1/1 հասցեում գտնվող բազմահարկ շենքում բնակարանը Սիմոնյանը գնել է 2017-ի մայիսին կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ «Հայէկոնոմբանկից» վարկային միջոցների ներգրավմամբ։ Ավելին, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրի, նա այս բնակարանը վաճառել է 2019-ի մայիսին։

Ինչ վերաբերում է Սիմոնյանի կողմից պատերազմի նախօրեին Ջրվեժում 215,000 դոլար արժողությամբ առանձնատուն ձեռք բերելու պնդմանը, ապա Fip.am-ը կփորձի ճշտել այն կադաստրային և այլ փաստաթղթեր ուսումնասիրելով։ 

  • Կիսվել: