շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լավ եմ արել, գրել եմ, պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին. Տիգրան Ուրիխանյան

Լավ եմ արել, գրել եմ, պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին. Տիգրան Ուրիխանյան

«Խոսքս սկսում եմ շնորհակալություն հայտնելով ԱԱԾ-ին՝ հրապարակած երեկվա հրաշալի տեսանյութի համար»,- այս մասին այսօր խորհրդարանում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Այնուհետև նա ընթերցեց իր ձեռքով գրված տեքստը.

«Ես՝ Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երևանի թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ԲՀԿ ցուցակով։ Հանձն եմ արել ապահովել 8 հազար քվե։ Ինձ թվում էր՝ դա նորմալ, բավարար քվե է, ցավոք, չստացվեց, պարտվեցի ռեյտինգային ընտրակարգով»։

Նշենք, որ սա այն տեքստն է որ կա նաև ԱԱԾ տեսանյությում։

Տիգրան Ուրիխանյանի խոսքով՝ այն ժամանակ նույնիսկ վիճաբանում էին Գագիկ Ծառուկյանի ու բազմաթիվ այլ գործընկերների հետ, ասում էր՝ լավ էլի, գրի 2 հազար, չես կարող 8 հազար հավաքես. «Ես ասոււմ էի՝ չէ, 8 հազար պիտի հավաքեմ, որովետեւ այդպիսին էին սոցիալական հարցումները։ Հետո իրավիճակ էր փոխվել, խոստացվել էր Ընտրական օրենսգիրք փոխել և նախորդ գումարման խորհրդարանում որպես «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող անդամ ես իմ կուսակցական ընկերների հետ որոշեցի «Այլանս» կուսակցությունով առանձին մասնակցել ընտրություններին, Ծառուկյանն էր ինձ համոզում՝ դու հասկանում ես, որ չես ընտրվի, շանսերը քիչ են, դու իրավունք չունես Խորհրդարանում չհայտնվելու։ Սրանք ներքին խոսակցության էպիզոդներ են, որոնք երևի այլ առիթ չէր լինի բացահայտելու հանրությանը։ Իմ ընկերներից շատերը գլուխ էին գովում, որ 10, 20, 50 հազար ձայն կբերեն, մեկը ես եմ ասել՝ թող ամեն մեկը գրի ու ստորագրի տեսնենք՝ ով ու ինչքան ձայն կապահովի։ Ձայն կապահովելու մեջ այդպիսի վատ բան կա՞, որևէ մեկը չի հպարտացել դրանո՞վ»։

Այս խոսքից հետո Տիգրան Ուրիխանյանը շարունակեց ընթերցել իր գրած տեքստից ևս մեկ  հատվածը. «Լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշումից, ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում՝ հրաժարվում եմ որևէ հավակնությունից նախընտրական ցուցակում լինելու»։

«Այո, շնորհակալություն ԱԱԾ, որ իմ պարկեշտ պարտավորվածությունը հրապարակել եք։ Անհամաձայնություններ են եղել, ինչը բոլորին հայտնի է,  ցանկացել եմ դաշինքից դուրս գալ, դուրս գալուց էլ ասել եմ՝ սա էլ մանդատը, որովհետև ես պարտվել եմ ռեյտինգային ընտրակարգով, իսկ խորհրդարան ինձ բերել է Գագիկ Ծառուկյանը։ Այդպիսինն է պատմությունը, բայց Ծառուկյանն է նորից ասել՝ ոչ, մանդատդ վայր չպետք է դնես, որովհետև դու պետք ես երկրին ու խորհրդարանին»,- ասաց Ուրիխանյանը։

Նա նորից սկսեց ընթերցել իր իսկ գրած տեսքստը․

«Պատրաստակամ եմ աշխատել թիմի, կուսակցության ու հայրենիքիս առաջընթացի ապահովման համար։ Շնորհակալ եմ ԱԱԾ-ին, որովհետև ես սա երբեք չէի հրապարակի համեստորեն։ Ինչքան միջոց պետք է ծախսեի որ այս PR-ը անեինք։ Լավ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ նրանով, ինչը գրել եմ, պարկեշտ եմ պահել ինձ։ Անհամաձայնություններով հանդերձ՝ պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետև ես այն ժամանակ իր հետ եմ պայքարել, նրա հետ եմ կիսել հույս, պայքար»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը։

  • Կիսվել: