հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լաոսում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամում Լաոսի դեսպանին

Լաոսում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիետնամում Լաոսի դեսպանին

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում (ՎՍՀ) Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպանությունում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, կայացել է համատեղության կարգով Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (նստավայրը՝ Հանոյ), հավատարմագրերի հանձնման արարողությունը ՎՍՀ-ում Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության դեսպան Սենգֆետ Հունգբունգնուանգին:

Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված է COVID-19 համավարակի տարածման և Վիետնամ-Լաոս ցամաքային և օդային սահմանների փակ լինելու հանգամանքներով:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետագա զարգացման ու խորացման հնարավորությունները, COVID-19 համավարակի տարածման և կանխարգելման խնդիրները, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ստեղծումն ու ընդլայնումը և այլ հարցեր:

Դեսպան Հունգբունգնուանգը, ողջունելով իր հայաստանյան գործընկերոջը, նշել է, որ Կաժոյանն առաջին ՀՀ դեսպանն է, որ հավատարմագրվում է Լաոսում և ասել է, որ հավատարմագրի բնօրինակն անմիջապես կուղարկվի Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիթին:

Իր հերթին դեսպան Կաժոյանը հույս է հայտնել, որ մոտակա ժամանակում Լաոսը ևս համատեղության կարգով կհավատարագրի իր դեսպանին Հայաստանում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում ուսանած լաոսցիների միություն ստեղծելու հարցը: Ընդ որում, դեսպան Հունգբունգնուանգը նշել է, որ իր կինը նույնպես մեկ տարի ուսանել է Երևանում:

Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցել են ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և Լաոսի դեսպանության երկրորդ քարտուղար Սոմվիլայ Չահտավոնգը:

  • Կիսվել: