երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լաչինի միջանցքում չկա ո՛չ ազատ, ո՛չ անվտանգ տեղաշարժի հնարավորություն. Գավան

Լաչինի միջանցքում չկա ո՛չ ազատ, ո՛չ անվտանգ տեղաշարժի հնարավորություն. Գավան

ԵԽԽՎ ամառային նստաշրջանին «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման» թեմայով զեկուցող Փոլ Գավանը իր ելույթի սկզբում նշել է, որ անդրադառնում է ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին, այլ Լաչինի միջանցքի արգելափակման հարցին:

Նա նշել է, որ Լաչինի միջանցքում հետաքննության շրջանակում այցելել է Հայաստան, սակայն Ադրբեջանից հրավեր չի ստացել, ավելին՝ մերժել են նրա մուտքը Լաչինի միջանցք, ինչը, ԵԽԽՎ պատգամավորի խոսքով, հակասում է Ադրբեջանի այն պնդումներին, թե Լաչինի միջանցք մուտք գործելու խոչընդոտներ չկան:

«Եզրահանգումը, որ ես արեցի, այն է, որ Լաչինի միջանցքում չկա ո՛չ ազատ, ո՛չ անվտանգ տեղաշարժի հնարավորություն»,- ասել է Գավանը, հավելել՝ եթե մարդասիրական օգնություն Կարմիր խաչն է հասցնում Արցախ, ինչ ազատ մուտքի մասին է խոսքը:

ԵԽԽՎ պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության խոսքի կիրառմանը, սպառնալիքներին, ներկայացրել հստակ օրինակներ՝ հավելելով, որ նման խոսելաձևն ամբողջությամբ անընդունելի է:

Պատգամավորը անհրաժեշտ է համարել եռակողմ հայտարարությունների դրույթների պահպանումը: Նա կարծիք է հայտնել, որ պետք է փաստահավաք խումբ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Պատգամավորը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին՝ միանալու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպայի խորհրդի փաստաթղթերին:

Ըստ 1lurer.am-ի:

 

  • Կիսվել: