կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ԿԸՀ-ն վերածվել է ռազմապատժիչ հանձնաժողովի, որովհետև այս արշավին միացել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․ Զուրաբյան

ԿԸՀ-ն վերածվել է ռազմապատժիչ հանձնաժողովի, որովհետև այս արշավին միացել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․ Զուրաբյան

Մեր անվտանգությունն ու Արցախը տապալած իշխանությունները որպես ձեռքբերում խոսում են ժողովորդավարությունից, իբրև, ընտրություններում հաղթած ընդդիմադիր ներկայացուցիչներին թույլ են տալիս կառավարում իրականացնել ՏԻՄ-ում, բայց այն իրականության հետ կապ չունի: Հրավիրված մամուլի ասուլին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նա ասածը հիմնավորեց մի քանի փաստով․ «Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 23-ին կայացած վարչության նիստում ՔՊ-ն քննարկել է այն հնարավորություները, թե ինչպես կարող են խլել իշխանությունն ընդդիմադիր համայնքապետերից, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից: Որոշել են, որ գրոհելու ժամանակն է, որպեսզի իշխանությունը խլեն Ալավերդու համայնքապետից: Սա ընդհանուր ծրագիր է: Նիկոլ Փաշինյանը հիմա փոխել է Ստալինի լոզունգը՝ ասելով, որ կարևոր չէ, թե ով է ընտրում, այլ կարևոր է՝ ում ձեռքին է գտնվում պատժիչ մեքենան»,- նշեց նա:

Զուրաբյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն իշխանության ձեռքին դարձել է գործիք, որով ճնշումներ են գործադրվում ընդդիմադիր ավագանիների, քաղաքապետերի վրա՝ նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր են հարուցվում, որպեսզի նրանք կամ հրաժարական տան, կամ անցնեն իշխանության ճամբարը: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ ընդդիադիր գործչի, աշխատում է իշխանության կոորդինացիայով:

«ԿԸՀ-ն վերածվել է ռազմապատժիչ հանձնաժողովի, որովհետև այս արշավին միացել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն անձամբ իրականացնում է այդ ճնշումների կոորդինացիան՝ շատ դեպքերում օգտագործելով բանակի ռեսուրսները»,-ներկայացրեց նա:

Նշենք, որ Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ ՔՊ-ական ավագանին բոյկոտելու է նաև ավագանու նիստերը:

Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։

«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել և որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։

Հոկտեմբերի 12-ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել՝ իրականացնելով համատեղ կառավարում:

  • Կիսվել: