երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան

Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ. Ալեն Սիմոնյան

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին ՔՊ-ի նախընտրական ծրագրի վերաբերյալ, մասնավորապես այն դրույթի վերաբերյալ, որ այնտեղ նշված է՝ նախընտրական ծրագրի մաս է Գարեգին Բ-ին հեռացնելը: Հարցին՝ ինչու էր պետք, որ այդ մտադրությունը դառնա նախընտրական ծրագրի մաս, Սիմոնյանը պատասխանեց՝ Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը.

«Լավ կլիներ՝ ուրիշ կուսակցություններ նույնպես իրենց ծրագրում ունենային Կտրիճ Ներսիսյանից և այն մարդկանցից, որոնք վարկաբեկում են Հայ առաքելական սուրբ եկեղեցին մաքրելը, ազատելը: Դա մեծ օգուտ կբերեր մեր պետությանն ու պետականությանը, և Եկեղեցին պետք է պաշտպանեն նման մարդկանցից ու բարքերից, որոնք, ցավոք սրտի, այնտեղ արմատացել են»,- հայտարարեց ԱԺ նախագահը:

Նրա խոսքով՝ իրենք են որոշում՝ ինչ առաջարկեն իրենց ծրագրում քաղաքացիներին:

«Մենք Սահմանադրություն չենք խախտում, որովհետև դուք էլի նույնականացնում եք անձերին կառույցի հետ: Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովը չէ: Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ: Դա թագավորություն չէ: Երբ դուք վարչապետին եք քննադատում, քննադատո՞ւմ եք Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Սիմոնյանը՝ հորդորելով անձերին չնույնացնել կառույցի հետ:

«Մենք ասում ենք՝ ՀՀ-ն պետք է անվտանգ լինի, ասում ենք՝ կան սպառնալիքներ, և հունիսի 7-ը ՀՀ նկատմամբ այդ չակերտավոր քաղաքական հարձակման ամենակարևոր օրն է լինելու, և ՀՀ քաղաքացին պետք է ՀՀ անկախությունը պաշտպանի; Խոսքը ՀՀ-ի անկախության մասին է, պատերազմի՞, թե՞ խաղաղության մասին է: ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին պետք է անի որոշումը և տեր կանգնի իր որոշմանը»,- նշեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: