երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կրեդիտներ, սուգարքներ չհանձնած քրեական ծառայողները համակարգում աշխատողների թվի մոտ 18 տոկոսն են կազմում. Լևոն Բալյան

Կրեդիտներ, սուգարքներ չհանձնած քրեական ծառայողները համակարգում աշխատողների թվի մոտ 18 տոկոսն են կազմում. Լևոն Բալյան

Եթե քրեական ծառայողն իր մեղքով երկու տարի անընդմեջ վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները, ստուգարքները չստանա, կազատվի աշխատանքից: Այդ մասին նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ գործող օրենքով քրեակատարողական ծառայողների համար վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում հետևանքներ նախատեսված չեն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց՝ քանի քրեական ծառայող է, որ բացասական գնահատական է ստացել, ինչի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել նման նախաձեռնություն ներկայացնելու:

Լևոն Բալյանը նախ տեղեկացրեց, որ համակարգում աշխատողների թիվը 2000-ից ավելի է, ապա հավելեց, որ չկա իրավական կարգավորում, որով քրեական ծառայողը պարտավորված լինի գալ և մասնակցել դասընթացին, հետևաբար նպատակը նաև նախատեսվող դասընթացներին մասնակցությունն ապահովելն է:

Նախարարի տեղակալը նաև նշեց, որ կրեդիտներ, սուգարքներ չհանձնած քրեական ծառայողները համակարգում աշխատողների թվի մոտ 18 տոկոսն են կազմում:

  • Կիսվել: