ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կրակոցները եղել են նույն դիրքի ուղղությամբ. մարզպետը մանրամասներ է հայտնում

Կրակոցները եղել են նույն դիրքի ուղղությամբ. մարզպետը մանրամասներ է հայտնում

Փոխհրաձգությունը տեղի է ունեցել գիշերն ու լուսադեմին, այն դիրքի ուղղությամբ, որտեղ նախոր գիշերը մարտեր էին ընթացել: Մենք մեկ վիրավոր ունենք՝ ուսի շրջանում, վիրահատել են, նորմալ է ամեն ինչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Մարզպետն ասաց, որ այդ հատվածում ռուս խաղաղապահներ չեն տեղակայվել:

Դիտարկմանը, որ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ հատվածների բնակիչները զրկվել են արոտավայրերից, Սանոսյանն ասաց․

«Կան որոշ արոտավայրեր, որոնցից օգտվելու դժվարություն կա, ինչը բերում է նրան, որ սահմանափակվել է որոշ համայնքներում արոտավայրերի չափը։ Նաև այս տարի ոչ միայն մեզ մոտ, ամբողջ հանրապետությունում կա խոտի պակաս, որը ենթադրում է, որ մենք ձմռանը կարող ենք խնդիրներ ունենալ։ Մենք որոշ տեղերում կորպուսի հետ համագործակցված կազմակերպել ենք որոշակի լրացուցիչ ուժեր է դրել բանակային կորպուսը և այն վայրերում, որտեղ ենթադրվում է, որ կարող է անվտանգ չլինել, բնակիչներին աջակցել են, որպեսզի նրանք և՛ անասունների արածեցման պրոցես կազմակերպեն, և՛ խոտի հավաքման պրոցես։ Պարբերաբար նախապես պայմանավորվում ենք, բանակային կորպուսը աջակցում է»։

Անդրադառնալով  Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակին, Սանոսյանն ասաց․ «Անհանգստություն բոլորիս մոտ կա, այդ թվում՝ մեր բնակիչների մոտ, բայց ուզում եմ նաև ասել, որ մեր բնակիչները պատվով, ամուր կանգնած են մեր համայնքներում։ Խուճապ չկա, հակառակը, երբ միջադեպեր են լինում, փոխհրաձգություն է լինում, անպայման գյուղից որոշակի խմբեր հավաքվում են, այցելում են զինվորներին, օգնություն են առաջարկում։ Այնպես որ թող բոլորը իմանան՝ մեր բնակիչները շատ ամուր, պինդ կանգնած են այդ հողի վրա, և որևէ տեղ տեղափոխվելու կարիք չունեն»։

  • Կիսվել: